Առողջական հիմքերով զինվորական ծառայությունից ազատվածները կներգրավվեն տեղական պաշտպանության ուժերում


Առողջական հիմքերով զինվորական ծառայությունից ազատվածները կներգրավվեն տեղական պաշտպանության ուժերում
Դեկտեմբեր 17 16:19 2024

Օրենքի նախագծով սահմանվում է, որ տեղական պաշտպանության ուժերի համալրումն իրականացվում է տարիքի կապացությամբ պահեստազորյաին հաշվառումից հանված անձանցով, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՊՆ իրավաբանական վարչության  պետ Սասուն Սիմոնյանը` պարզաբանելով «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին  նախագծի դրույթը։ Նախագծով նախկինում գործող Աշխարհազորը փոխարինվում է տեղական պաշտպանության ուժերով։

Նրա խոսքով, նման անձինք զորահավաքային ռեսուրս չեն համարվում։

Ըստ Սիմոնյանի, տեղական պաշտպանության ուժերը համալրվելու են պահեստազորի երկրորդ խմբում հաշվառված պահեստազորայիններով, որոնք տարիքով ավելի բարձր են և առաջնային կցագրված չեն պատերազմի ժամանակ զորամասի համալրվող հաստիքներին։

«Երկրորդ խմբի պահեստազորի մեջ ներառվում են նաև ավելի պակաս փորձառությամբ պահեստազորայինները, օրինակ՝ 6 ամսից պակաս ժամկետով զինվորական ծառայություն անցածները»,-ասաց Սասուն Սիմոնյանը`նշելով, որ տեղական ինքնապաշտպանական ուժերի խնդիրները հստակ են և տարբերվում են զինված ուժերում կամ պատերազմի ժամանակ զորահավաքային զորակոչի միջոցով համալրվող անձնակազմի պատրաստությունից։

ՊՆ վարչության պետը պարզաբանեց, որ առողջության պատճառով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված անձինք հաշվառված են պահեստազորի երկրորդ խմբում և կարող են համալրել տեղական պաշտպանության ուժերը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ելույթ ունենալով նախագծի վերաբերյալ, հայտարարեց, որ 2020 թվականին ընդունված և 2021 թվականին ուժի մեջ մտած աշխարհազորայինների մասին դրույթը չի կատարվել։

«Եթե Աշխարհազորայինների մասին օրենքի դրույթը 3 տարի չի գործել, քանի կոպեկ արժի այս օրենքը»,-ասաց Մանուկյանը՝ նկատելով, որ գործող օրենքով նախատեսված էր, որ կառավարությունն աշխարհազորի գծով փոխմարզպետեր և Երևանի քաղաքապետի տեղակալ այս տարիներին չի նշանակել։