Սիրիայի վարչապետ Մուհամմեդ ալ Ջալալին կիրակի օրը Al Arabiya-ին ասել է, որ իր վերջին շփումը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ եղել է շաբաթ երեկոյան՝ հավելելով, որ ինքը տեղեկություն չունի Ասադի գտնվելու վայրի մասին:
Նա հարցազրույցը տվել է ժամեր անց այն բանից հետո, երբ զինված ահաբեկիչները հայտարարել են, որ Ասադի կառավարությունը տապալվել է:
Վարչապետն ասել է, որ Ասադի հետ իր վերջին հեռախոսազրույցում հարցրել է, թե ինչ է կատարվում:
«Ալ Ասադն ինձ ասաց՝ վաղը կտեսնենք», - պատմել է Ջալալին՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ չգիտի նախագահի գտնվելու վայրը։
Դեկտեմբերի 8-ի առավոտյան Reuters-ը, իր աղբյուրները վկայակոչելով, գրել էր, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը նստել է ինքնաթիռ և Դամասկոսից օդ է բարձրացել անհայտ ուղղությամբ:
Նշենք, որ վարչապետ Ջալալին նաև պատրաստակամություն է հայտնել հանրապետությունում իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցել այն բանից հետո, երբ սիրիացի ահաբեկիչները մտել են մայրաքաղաք Դամասկոս։ Վարչապետի տեսաուղերձը հրապարակվել է Facebook-ում:
«Մենք մեր ձեռքը մեկնում ենք ընդդիմախոսներին, ովքեր հաստատել են, որ չեն վնասի որևէ մեկին, ով մեր հայրենիքի մաս է կազմում... Մենք պատրաստ ենք աշխատել նրանց հետ այնպես, որ հնարավոր լինի ցուցաբերել հնարավոր օգնություն և աստիճանաբար փոխանցել կառավարության գործերը՝ ապահովելով պետական օբյեկտների անվտանգությունը»,- ասել է նա։
Վարչապետը նաև ասել է, որ չի լքի Դամասկոսը՝ կոչ անելով պահպանել հասարակական հաստատությունները։ Նա մտադիր է շարունակել աշխատել հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին պետական կառույցների գործունեությունը ապահովելու ուղղությամբ։
«Մենք հավատում ենք, որ Սիրիան կարող է լինել նորմալ պետություն, որը լավ հարաբերություններ է կառուցում իր հարևանների և աշխարհի հետ՝ առանց որևէ տարածաշրջանային դաշինքների կամ այլ դաշինքների մեջ մտնելու: Դա կախված է նրանից, թե ինչպիսի ղեկավարություն կընտրի սիրիացի ժողովուրդը»,- հավելել է վարչապետը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ի առավոտյան ահաբեկչական խմբավորումների զինյալները մտել են Դամասկոս։ Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ կառավարական ուժերը լքել են քաղաքի կենտրոնը։ Զինված խմբավորումները նոյեմբերի վերջին սկսել են լայնածավալ հարձակում սիրիական բանակի դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 7-ի երեկոյի դրությամբ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդները գրավել են մի քանի խոշոր քաղաքներ՝ Հալեպը, Համա, Դեյր էզ Զորը, Դարաան և Հոմսը։
Դամասկոսը վերահսկողության տակ առնելուց հետո ահաբեկիչները մուտք են գործել Սիրիայի ՊՆ շենք, ինչպես նաև նախագահական պալատի համալիր:
Չնայած ահաբեկիչների առաջնորդ Աբու Մուհամմադ ալ Ջոլանին կարգադրել էր հասարակական և կառավարական գույքի վրա չհարձակվել, սակայն որոշները մտել են Դամասկոսում նախագահ Բաշար ալ Ասադի տուն և թալանել այն, հայտնում է Tasnim գործակալությունը: