«… Անմոռանալի է այն ոգևորությունը, որով 2009 թ. հունիսի կեսին Երևան ժամանած Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը պատմում էր Թուրքիայի հետ բացվող բարեկամության նոր հեռանկարի մասին ու վկայակոչելով Դավութօղլուի «զրո պրոբլեմ հարևանների հետ» տեսությունը՝ Սերժ Սարգսյանին փաստարկում, թե ինչու Սիրիան չի կարող գնալ Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Նույնքան անմոռանալի էր այդ առանձնազրույցի ժամանակ Սարգսյանի կանխատեսումը.
– Դուք թուրքերին լավ չեք ճանաչում։ Կգա ժամանակը, և արդյունքով կդատենք»,-Թուրքիայի ակտիվ մասնակցության կապակցությամբ այս մասին հիշել է այդ ժամանակ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար եղած Սամվել Ֆարմանյանը։
«Ու ստացվեց այնպես, որ տարիներ անց՝ 2014 թ. մարտի վերջին, նախագահ Սարգսյանի հանձնարարությամբ արդեն պատգամավորի կարգավիճակում խորհրդարանական պատվիրակություն գլխավորեցի Սիրիա… ուղևորվեցինք պատերազմի, խառնաշփոթի ու քաոսի երախը ներքաշված ու փլուզման եզրին հայտնված երբեմնի ծաղկուն պետության՝ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս ու կոնսպիրատիվ պայմաններում հանդիպեցինք Բաշար ալ-Ասադին՝ ճմռթված վերնաշապիկով ու գերհոգնած։
Բարձրահասակ, նրբամարմին Բաշարը, որ զրուցակիցների վրա ավելի շուտ վիրաբույժի, քան կործանարար պատերազմի ճիրաններում հայտնված պետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի տպավորություն էր թողնում… հանդիպման ավարտին խնդրեց Սերժ Սարգսյանին փոխանցել.
-Ես շատ լավ եմ հիշում երևանյան մեր առանձնազրույցը։ Խնդրում եմ պարոն նախագահին փոխանցել, որ նա ճիշտ էր. մենք թուրքերին լավ չէինք ճանաչում»-գրառել է Ֆարմանյանը։