Հովիկ Աղազարյաի հեռախոսն առգրավվել են՝ առանց անձեռնմխելիության հաղթահարման, հետևաբար, եթե հետագայում անգամ պարզվի, որ իրապես պետական գաղտնիքի արտահոսք է եղել, ապա գործը ենթակա է լինելու կարճման, քանի որ ձեռք բերված ապացույցն անթույլատրելի է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման գնահատական է հնչեցրել փաստաբան Արսեն Բաբայանը։
Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանը դեկտեմբերի 2-ին հայտարարել է, որ մերժում է Նիկոլ Փաշինյանի խնդրանքը և վայր չի դնի պատգամավորական մանդատը, ինչից հետո՝ դեկտեմբերի 3-ին, ՔՊ վարչության որոշմամբ՝ Հովիկ Աղազարյանին հեռացրել են կուսակցությունից։ Որպես Աղազարյանի հեռացման պատճառ նշվում է պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումները։ Ընդ որում, այդ «արտահոսքերի» մասին իշխանություններն իմացել են այն բանից հետո, երբ ՀԿԿ-ում քննվող՝ ԱԺ-ում Արգիշտի Քյարամյանի և Աղազարյանի միջադեպի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում առգրավվել է Հովիկ Աղազարյանի հեռախոսահամարը։ Աղազարյանի փաստաբանը հայտարարել էր, որ պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։ Նշենք, որ Ալեն Սիմոնյանն այսօր հայտարարել էր, թե ՔՊ-ում կան մարդիկ, որոնք ևս կասկածվում են արտահոսք կազմակերպելու համար, հետաքննություն կլինի։ Սիմոնյանի նկարագրած արարքներն առերեւույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 428-րդ, 429-րդ, 430-րդ հոդվածներով նախատեսված հանցանքներ, որի համար ոչ թե անձը պետք է կուսակցությունից հեռացվի, այլ ենթարկվի քրեական պատասխանատվության։ Հակառակ պարագայում ստացվում է, որ գործ ունենք պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների քաղաքական հովանավորչության հետ։
Փաստաբան Արսեն Բաբայանը, անդրադառնալով Հովիկ Աղազարյանի՝ առանց անձեռնմխելիության հաղթահարման՝ հեռախոսի զննությանը, ապա՝ դրան հաջորդած՝ մասնավոր կյանքի վերաբերյալ տեղեկատվության արտահոսքին, նախ անդրադարձավ Աղազարյանի հայտարարությանը, թե զզվում է իրավաբաններից՝ նշելով․ «Որպես փաստաբան, իրավաբան՝ զզվում եմ իրենից՝ ինչպես ինքն է զզվում իրավաբաններից, ընդ որում, այն իրավաբաններից՝ փաստաբաններից, դատավորներից, որոնք հետագայում հնարավոր է իրեն ուղղակի բանտարկությունից ազատեն։ Հարցերին ես կպատասխանեմ՝ բացառապես ընդհանուր կոնտեքստում»։
Հաջորդիվ, անդրադառնալով առանց անձեռնմխելիության հաղթահարման միջամտությանը, ապա՝ մասնավոր կյանքի արտահոսքին, արձանագրեց՝ պատգամավորին չի կարելի փաստացի կասկածանքի, փաստացի մեղադրյալի կարգավիճակում հարցաքննել, այսինքն՝ եթե քննիչը պատգամավորին հարցաքննում է կասկածանքի հիմքով՝ նախազգուշացնելով որպես մեղադրյալ՝ իրավունքների մասին, ապա այս դեպքում արդեն իսկ խախտում է տեղի ունենում, որովհետև պատգամավորը անձեռնմխելիությամբ պաշտպանվում է ոչ միայն մեղադրյալ լինելուց, այլև՝ փաստացի մեղադրյալ լինելուց։
«Քանի դեռ հաղթահարված չէ անձեռնմխելիությունը, նրան չեն կարող անգամ փաստացի մեղադրյալի կարգավիճակում դնել, հարցաքննել։ Դա բազմաթիվ ակտերով՝ ՄԻԵԴ-ն է փաստել, մեր Քրդատ օրենսգրքի սկզբունքներից է բխում։ Այն պահից սկսած, երբ առանց անձեռմխելիության հաղթահարման, իրեն փաստացի մեղադրյալի կարգավիճակ կշնորհվի կամ ինքնաբերաբար պատգամավորը կստանա, ապա այդ պահից սկսած՝ բոլոր գործողություններն ապօրինի են, այդ թվում՝ հեռախոսի առգրավումը կամ այլ տեխնիկական միջոցի կամ կուտակիչի առգրավումը»,- նշեց Բաբայանը։
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ հեռախոսից հայտնաբերվել է ինչ-որ բան, որը հայտնվել է այլ անձանց մոտ, ապա Բաբայանը նշեց, որ եթե գործի քննության ընթացքում հեռախոսի թվային խուզարկության ժամանակ իսկապես հայտնաբերվում են վտանգավոր հանցագործության հատկանիշներ պարունակող հետքեր, դա տալիս են այլ իրավասու մարմնին, օրինակ՝ ԱԱԾ-ին, ապա ԱԱԾ-ն իր լիազորությունների շրջանակներում իրավունք ունի դրանց հետ կապված ՕՀԳ իրականացնելու, իսկ թե արդյոք իրավունք ունեն՝ վարչապետին կամ գործադիր իշխանության համակարգողին այդ տվյալները ներկայացնելու՝ հարցը մեծ հաշվով չկարգավորված է, բայց մեծ խախտում չի լինի, եթե դա քննարկվի վարչապետի հետ՝ նկատի ունենալով, որ ԱԱԾ-ն վարչապետին ենթակա մարմին է։
Այլ հարց է, որ, այն, որ վարչապետը դրա մասին կարող է խոսել ԱԺ-ում կամ տեղեկությունը հայտնվել քաղաքական, կուսակցական կամ այլ անձանց մոտ, դրանք և՛ մարդու իրավունքների խախտում է, և պետության պաշտպանության խախտում։
«Եթե խոսք է գնում պետական դավաճանության մասին և այդ տվյալները, որոնք պարունակում են հետքեր՝ դավաճանության, հայտնվում են այլ անձանց մոտ, թեկուզ՝ գաղտնիության համապատասխան թույլտվություն ունեցող, ապա դրանք արդեն օպերատիվ-հետախուզական գործունեության և նախաքննական գաղտնիքի խախտում են և դրանք պետք է ստանան քրեաիրավական գնահատական»,- ընդգծեց Բաբայանը՝ նկատելով, որ եթե պատգամավորի անձեռնմխելիությունը հաղթահարված չէ, ապա նրա հեռախոսն ընդհանրապես ապօրինի է ենթարկվել խուզարկության, բացի այդ, եթե տեղեկությունը հայտնվում է օպերատիվ գործունեություն չիրականացնող անձանց մոտ՝ բացառությամբ վարչապետի, որը վերադաս է ԱԱԾ-ին, անթույլատրելի երևույթ է, դա հանցավորության դեմ պայքարի մեթոդների կոպտագույն խախտում է և լիազորությունների անցում՝ այն անձի կողմից, որը տրամադրել է՝ այլ անձանց, իսկ ԱԺ ամբիոնից հրապարակումներն արդեն Քր․ օր․-ով նախատեսված արարք է՝ կապված նախաքննական գաղտնիքի հրապարակման հետ։
Դիտարկմանը, որ եթե հետագայում նույնիսկ պարզվի, որ իրապես հատուկ ծառայությունների հետ կապ և պետական գաղտնիքի արտահոսք է եղել, այս գործը հետագայում կարող է կարճվել միայն այն պատճառով, որ հեռախոսը առգրավվել են՝ առանց անձեռնմխելիության հաղթահարման՝ Բաբայանն արձագանքեց, որ եթե պատգամավորի նկատմամբ կատարվել է այդպիսի գործողություն, վերջինս հետագայում նույնիսկ զրկվել է անձեռնմխելիությունից և մեղադրանք է ներկայացվել՝ պատշաճ կարգով, ապա, միևնույն է, օբյեկտիվ դատարանը հենց նախնական դատական քննության կամ ամբողջ գործը քննելուց հետո պետք է կամ արդարացնի, կամ դադարեցնի քրեական հետապնդումը, քանի որ Քրեական դատավարության օրենսգիրքը հստակ կանոն ունի՝ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի այն դեպքերում, երբ հաղթահարված չի եղել անձեռնմխելիությունը, իսկ այս դեպքում՝ հաղթահարված չէ, այսինքն՝ պատգամավորը փաստացի մեղադրյալի կարգավիճակ է ստացել՝ առանց հաղթահարման։
Հարցին՝ եթե գտնում են, որ հանցագործություն է տեղի ունեցել, ապա ինչու է հարց բարձրացվել՝ ՔՊ-ից հեռացնելու, մանդատը վայր դնելու, ոչ թե՝ օրինական ճանապարհով անձեռնմխելիության հաղթահարման և հետապնդում իրականացնելու՝ Բաբայանը պատասխանեց՝ ի սկզբանե ակնհայտ է, որ նպատակն ամենևին պետության շահերի պաշտպանությունը չէ, ոչ էլ՝ որևէ այլ անձի, նպատակը բացառապես քաղաքական կուսակցության ղեկավարի քմահաճույքը բավարարելուն է միտված, այսինքն՝ «ով դառավ այդ պատգամավորը, որ վարչապետի հանձնարարությունը չանի»։
«Քաղաքական իմաստով, ես համարում եմ, որ կուսակցության ղեկավարի կամ կուսակցության որոշումը պետք է կատարվի, բայց դա քաղաքական կոնտեքստում է, թող իրենք իրենց մեջ լուծեն այդ խնդիրները։ Երբ քաղաքականը վերաճում է իրավական գործընթացի, իրավականը՝ ստանում քաղաքական երանգներ, դառնում է քաղաքական հետապնդում։ Պետք է չխորշենք այն մտքից, որ կոնկրետ պատգամավորի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում՝ իրենց թիմակիցների կողմից՝ կապված քաղաքական որոշակի հանգամանքների հետ»,- նշեց Բաբայանը։
Դիտարկմանը, որ Փաշինյանը, եթե կարծում է, որ թիմակիցը որոշակի հանցավոր գործունեություն է իրականացնում, ստացվում է՝ պատրաստ է աչք փակել, միայն թե՝ իր ցանկությունն ի կատար ածվի՝ Բաբայանը պատասխանեց՝․ «Այո, գործ ունենք քաղաքական շոումենների կառավարության հետ, գործ ունենք ՝ բացառապես իրենց աթոռը գրկած պահող իշխանության հետ, այս մարդկանց համար պետությունը, պետական համակարգը, պետության անվտանգությունը, իրավապահ համակարգը բացառապես արժեք չունեն։ Եթե այդ պատգամավորն ի սկզբանե հրաժարվեր մանդատից, այս բոլոր տվյալները, որոնք իրենց մոտ վաղուց կային, ընդհանրապես ընթացք չէին տա, կթողնեին՝ մի կողմ։ Ասեմ, որ ՔՊ-ում բոլորի հետ կապված նման տվյալներ կան, անհրաժեշտության դեպքում՝ բոլորն էլ այս նույն ճանապարհով անցնելու են, եթե չենթարկվեն։ Օրինակ՝ Կարեն Անդրեասյանն ինչու էդպես արագությամբ ենթարկվեց․․․ մյուսները․․․ բոլորն էլ այդ ճակատագրից կարժանանան։ Հիմա՝ ինչքան էլ զզվենք մենք այն՝ մասնագիտություն չունեցող մարդուց՝ պետք է արձանագրենք, որ գտավ իր մեջ որոշակի քաջություն և պայքարում է կուսակցության դեմ»։










