Ինչպիսի՞ն է լինելու ՀՀ օրհներգի փոփոխված տարբերակը


Ինչպիսի՞ն է լինելու ՀՀ օրհներգի փոփոխված տարբերակը
Նոյեմբեր 28 19:51 2024

Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Գործադիրը հավանություն է տվել առաջարկությանը, որն սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի աշխատակազմ:

Պատգամավորական նախաձեռնությունը, որը շրջանառության մեջ են դրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և նույն հանձնաժողովի տեղակալ Թագուհի Ղազարյանը, Կառավարության նիստին ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը: Օրինագծով առաջարկվում է սահմանել ՀՀ օրհներգի մեկ պաշտոնական տարբերակ։

«Առաջարկվում է սահմանել ՀՀ օրհներգի 1 պաշտոնական տարբերակ ՀՀ-ում և միջազգային հարթակներում պաշտոնական և ներկայացուցչական տարաբնույթ միջոցառումների և օրենքով սահմանված այլ դեպքերի համար: Եթե գործող օրենքով պարտադիր էր օրենքի կատարումը դպրոցներում և բուհերում, ապա նախատեսվող փոփոխությամբ այն պարտադիր է դառնում նաև քոլեջներում և մանկապարտեզներում: Նաև, եթե գործող օրենքով օրհներգի կատարումը պարտադիր էր մարզական պաշտոնական միջոցառումների բացման և փակման, ապա նախագծով այն պարտադիր է դառնում այդ ընթացքում տեղի ունեցող պաշտոնական իրադարձությունների ժամանակ: Նախագծով ՀՀ կառավարությանը լիազորություն է տրվում վերոնշյալ օրենքի հավելվածի տեքստին և երաժշտությանը համապատասխան սահմանել ՀՀ օրենքի կարճ խմբագրության տարբերակ՝ հիմնականում մարզական, մշակութային միջոցառումների առանձնահատկություններով և եթերաժամանակի սահմանափակությամբ պայմանավորված 1 միասնական ստանդարտի կիրառման համար: Լիազոր մարմինը՝ ի դեմս ԿԳՄՍՆ-ի, կգործարկի իր ունեցած գործիքակազմը ՀՀ օրհներգի ստեղծումը և տարածումն ապահովելու համար»,- ասել է փոխնախարարը:

Ըստ Դանիել Դանիելյանի, նախատեսվում է նաև օրհներգի տեքստը վերադասավորել՝ ըստ պետական քաղաքականության տրամաբանության՝ արժևորելով պետությունը, ազատության փիլիսոփայությունը, ՀՀ դրոշը, պետականությունը, ինչպես նաև քաղաքացուն՝ փոխելով հաջորդականությունը: «Գործող օրենքում վերջին քառատողը դառնում է երկրորդ, և, հետևաբար, երկրորդ և երրորդ քառատողերը, համապատասխանաբար, դառնում են երրորդ և չորրորդ: Օրհներգը եզրափակվում է հետևյալ ուղերձով.

 

Նայիր նրան երեք գույնով

 

Նվիրական մեկ նշան, Թող փոփողի թշնամու դեմ,

Թող միշտ պանծա Հայաստան»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ հավելելով, օրհներգը կտեղադրվի ՀՀ Կառավարության կայքէջում և մնացած պաշտոնական հարթակներում՝ հանրային հասանելիություն ապահովելու համար:  

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է օրինագծին և նշել, որ  անձամբ է մասնակցել նախագծի ձևավորման քաղաքական մասին: Վարչապետը կարևորել է օրինագծի ընդունումը և նշել, որ իր եզրակացությամբ՝ եթե փոփոխությունների արդյունքը չի հասնում ԴՆԹ մակարդակին, ապա փոփոխությունները տևական, ամբողջական և խորքային չեն կարող լինել: «Պաշտոնական միջոցառումների ժամանակ, երբ հիմնը հնչում է, ես ուշադիր եմ ու շատ երկար ժամանակ չեմ հանդիպել ՀՀ օրհներգի նույն ձևի կատարմանը, չկա արագության ստանդարտ, տևողության ստանդարտ, տեխնիկական պարամետրերի ստանդարտ»,-ասել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ պետք է լուծել նաև տեխնիկական պարամետրերի հարցը, օրհներգը պետք է ունենա ստանդարտ՝ տևողության, արագության:

Անդրադառնալով օրհներգի տեքստին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ օրինագծով ոչ մի բառի փոփոխություն չի նախատեսվում, առաջարկվում է միայն քառատողերի դասավորվածությունը փոխել. «Հիմա առաջարկվում է հետևյալ տեքստը՝

Մեր Հայրենիք, ազատ, անկախ,

Որ ապրել է դարեդար,

Յուր որդիքը արդ կանչում է

Ազատ, անկախ Հայաստան։

Ամենայն տեղ մահը մի է,

Մարդ մի անգամ պիտ մեռնի,

Բայց երանի, որ յուր ազգի

Ազատության կզոհվի:

Ահա եղբայր, քեզ մի դրոշ,

Զոր իմ ձեռքով գործեցի,

Գիշերները ես քուն չեղա,

Արտասուքով լվացի։

Նայիր նրան՝ երեք գույնով

Նվիրական մեկ նշան,

Թող փողփողի թշնամու դեմ,

Թող միշտ պանծա Հայաստան»։