Ներկայում 1 բնակչի հաշվով ավելի քան 10 հատ 100 դրամանոց կա․ ՀՀ կենտրոնական բանկ


Ներկայում 1 բնակչի հաշվով ավելի քան 10 հատ 100 դրամանոց կա․ ՀՀ կենտրոնական բանկ
Նոյեմբեր 1 13:04 2024

Ներկայում շրջանառության մեջ շուրջ 3.46 մլրդ դրամի 100 դրամանոց մետաղադրամներ կան, այսինքն՝ 1 բնակչի հաշվով ավել քան 10 հատ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ կենտրոնական բանկից՝ պատասխանելով այն հարցին, թե տրանսպորտային համակարգի նոր փոփոխությունների պայմաններում արդյոք կբավարարեն 100 դրամանոցների աճող պահանջարկը։

«ՀՀ կենտրոնական բանկն ապահովում է կանխիկ դրամաշրջանառության անընդհատությունը։ Կանխիկ դրամի ընդհանուր պահանջից բացի, ՀՀ կենտրոնական բանկն ապահովում է նաև շրջանառության մեջ գտնվող բոլոր անվանական արժեքների համար անհրաժեշտ քանակների առկայությունը»,- պատասխանել են ԿԲ-ից։

Միաժամանակ նշել են, որ ըստ անհրաժեշտության՝ Կենտրոնական բանկը կարող է և պատրաստ է բավարարել մետաղադրամների լրացուցիչ պահանջարկը:
Հիշեցնենք` այսօրվանից տրանսպորտից օգտվելու համար պարտադիր է 100 դրամանոց մետաղադրամ կամ QR ունենալը։

Երևանի քաղաքապետարանը հայտարարել է, որ նման որոշում է կայացրել նախևառաջ հնարավոր ստվերային շրջանառությունը կանխելու համար։ Նաև այդպես նպատակ ունեն վարորդներին իրենց հիմնական գործից չշեղել։

Ըստ քաղաքապետարանի` նման փորձը կնախապատրաստի քաղաքացիներին հունվարի 1-ից սպասվող միասնական տոմսային համակարգին ավելի սահուն անցնելուն։ Սակայն ինչպես ցույց է տալիս Երևանի մետրոպոլիտենի փորձը, հնարավոր խնդիրներից խուսափելը դժվար կլինի։ Հոկտեմբերի 1–ից Երևանի մետրոպոլիտենում վճարումն արվում է ոչ թե ժետոնով, այլ QR կոդով, ինչը հերթերի պատճառ է դառնում տարբեր կայարաններում։