Կխաթարվի բուհի բնականոն գործունեությունը. Ագրարայինի դասախոսներն ու ուսանողներն ակցիա են անում


Կխաթարվի բուհի բնականոն գործունեությունը. Ագրարայինի դասախոսներն ու ուսանողներն ակցիա են անում
Հոկտեմբեր 31 12:28 2024

Հայաստանի ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները դեմ են, որ համալսարանի 2-րդ մասնաշենքը տրվի Ֆրանսիական համալսարանին։ Նրանք երթով համալսարանից եկել են կառավարության մոտ` հայտնելու իրենց դիրքորոշումը։

Sputnik Արմենիայի փոխանցմամբ, ՀՀ կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի թվում ընդգրկված է նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանից Հայաստանում ֆրանսիական համալսարանին տարածք հատկացնելու մասին նախագիծ։
 
«Այդ նախագիծը եթե որոշում դառնա և օտարվեն այդ տարածքները, կխաթարվի Ագրարային համալսարանի բնականոն գործունեությունը, որովհետև այդ պարագայում շուրջ 40 լսարան տրամադրվելու է Հայաստանում ֆրանսիական համալսարանին և շուրջ 1300 ուսանողի համար ֆիզիկապես անհնարին կլինի ուսումնական պարապմունքներ կազմակերպելը»,–լրագրողներին ասաց Ագրոնոմիական ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Արմենակ Տեր-Գրիգորյանը։
 
Նա հավելեց, որ այդ մասնաշենքում են տեղակայված եզակի կարևորության լաբորատորիաներ, որոնց տեղափոխումն անհնար է, իսկ դրանց բացակայության պարագայում անհնար կլինի իրականացնել համալսարանի կրթական ծրագրերը։

«Լուրջ խնդիր է առաջանալու։ Մենք մեր անհամաձայնությունը ներկայացնելու ենք կառավարությանը, որպեսզի այդ որոշման նախագիծը հանվի շրջանառությունից»,–հավելեց նա։

Դասախոսներից Արա Ամիրյանը մտահոգություն հայտնեց, որ խոսակցությունները, թե համալսարանների շենքերը հյուրանոցներ կդառնան, կարող են ճիշտ լինել։

«Ինչքան տարածք պետք է վերցնեն, խփում են Ագրարայինի գլխին։ Ինչքա՞ն պետք է լռենք, սա նման է հող հանձնելուն, և մենք դեմ ենք»,–ասաց դասախոսը։

Նա նաև ընդգծեց, որ նման նախագիծ շրջանառության մեջ դնելուց առաջ այդ հարցն իրենցից որևէ մեկի հետ չի քննարկվել։