2025 թվականին նախատեսում են ՆԳՆ-ին 105 միլիարդ դրամ հատկացնել բյուջեից


2025 թվականին նախատեսում են ՆԳՆ-ին 105 միլիարդ դրամ հատկացնել բյուջեից
Հոկտեմբեր 28 20:34 2024

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված ՆԳ նախարարության ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը:

Փոխնախարար Արփինե Սարգսյանն իր ելույթում նշել է, որ 2025 թ. պետական բյուջեի նախագծով ՆԳ նախարարության ընդհանուր հատկացումները կազմում են 105 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով՝ 99,1 մլրդ դրամ, կապիտալ ծախսերի գծով՝ 5,9 մլրդ դրամ։

2025 թվականի պլանավորված բյուջեով սոցիալական բնույթ ունեցող և գնում չհանդիսացող ծախսերը կազմում են 87,2 մլրդ դրամ, որից միայն աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցած միջոցները՝ 77,4 մլրդ դրամ, գնումների ընթացակարգով նախատեսվող հատկացումները՝ 17,8 մլրդ դրամ, որից կապիտալ ծախսերը՝ 5,9 մլրդ դրամ:

Ընթացիկ ծախսերի գծով 8 մլրդ դրամի ավելացումը, ըստ Սարգսյանի, պայմանավորված է.

1. Արմավիրի, Արարատի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի և Ջրային պարեկային ծառայության ծառայողների աշխատավարձերի, ինչպես նաև ՆԳՆ ծառայողների ատեստավորման արդյունքներով հավելավճարների ապահովմամբ,
2. Ոստիկանության գվարդիայի ստեղծման համար հատուկ տեխնիկայի, սպառազինության, համազգեստի, համակարգչային ծրագրերի և այլ ապրանքների ու նյութերի ձեռքբերման անհրաժեշտությամբ,
3. Մեկ միասնական կրթահամալիրի ձևավորմամբ (Ոստիկանության կրթահամալիրի և ՃԿՊԱ միավորում):

Կապիտալ հատկացումները՝ 5,9 մլրդ դրամը, հիմնականում վերագրվում են.

1. Ոստիկանության գվարդիայի, քրեական ոստիկանության և համայնքային ոստիկանության ստեղծման համար տրանսպորտային միջոցների, էլեկտրոնային ձեռնաշղթաների (ընտանեկան բռնության կանխարգելում, պաշտպանություն), ՁՊՎ-ների կապիտալ վերանորոգումների, ազդանշանային և տեսահսկողության համակարգերի, ինչպես նաև վարչական և այլ սարքերի ու սարքավորումների ձեռքբերմանը,
2. Փրկարար ծառայության (ներդրումային ծրագիր՝ 2,365 մլն դրամ, 4 մարզի համար) Արմավիրի և Կոտայքի մարզերում արտակարգ դեպքերին և պատահարներին արագ արձագանքելու համար փրկարարական, հրդեհաշիջման մեքենաների ձեռքբերմանը (Արագածոտնի և Արարատի մարզերում ծրագրի իրականացման նպատակով ֆինանսական միջոցների հատկացումը հաստատվել է ՆԳՆ 2025-2027 թթ. ՄԺԾԾ-ով 2026 թ. համար),
3. Շենք-շինությունների շարունակական շինարարությանը: