Այս տարի բանակում արձանագրվել է 33 մահվան դեպք, և ոչ բոլոր դեպքերն են կապված եղել ծառայության հետ․ Թորոսյան


Այս տարի բանակում արձանագրվել է 33 մահվան դեպք, և ոչ բոլոր դեպքերն են կապված եղել ծառայության հետ․ Թորոսյան
Հոկտեմբեր 28 19:02 2024

2024 թվականի հաշվետու ժամանակահատվածում և այս պահի դրությամբ, նախորդ՝ 2023 թվականի նկատմամբ, բանակում մահվան դեպքերը գրեթե կրկնակի նվազել են, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

«Շատ փորձագետներ, իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ, որոշ լրատվամիջոցներ հանրությանը ներկայացնում են, որ այս տարի բանակում գրանցվել է 33 մահվան դեպք, սակայն չեն մասնավորեցնում, թե այդ դեպքերից քանիսն են ծառայության հետ կապված եղել։

33 մահվան դեպքերից 5-ը դժբախտ պատահարի հետևանքով է եղել, 2-ը՝ ավիավթարի, 5-ը՝ հիվանդության, 11-ը՝ ՃՏՊ–ի, որից 7-ը ծառայության հետ կապված չէ։ Դիցուք, երբ զինծառայողը կարող է իր սեփական օգտագործման մեքենայով ծառայությունից դուրս վայրում վթարի ենթարկվել, և սա տեղ գտնի մամուլում։ Նաև Դատախազության ներկայացրած ցուցանիշին պետք է հղում կատարեմ, որ  նախորդ տարվա համեմատ բանակում հանցագործությունները 48,4 տոկոսով նվազել են, և պետք է նշեմ, որ այս ուղղությամբ տարվում են բազմաթիվ կանխարգելիչ աշխատանքներ»,-ընդգծեց նա։

 Թորոսյանը նշեց, որ այս ուղղությամբ բազում կանխարգելիչ աշխատանքներ են տարվում։