«Այս պահին ոստիկանները բանակցում են տղաների հետ և փորձում են մեզ թատրոնից բռնի ուժով դուրս հանել։ Չեն սպասում գոնե տասը րոպե մինչև մեր փաստաբանը հասնի այստեղ։ Կողմնապահությունն ակնհայտ է»,- ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասաց «Գոյ» թատրոնի դերասանունի Լիլիթ Բադանյանը։
Այդ պահին «Գոյ» թատրոնի դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը ներս մտավ, վերցրեց հեռախոսն ու մոտեցավ ոստիկանին՝ ասելով․ « Պարոն կապիտան, ես հիմա Ձեզ տեղեկացնում եմ, որ մենք եթերում ենք» ։
«Դուք ներխուժել եք թատրոնի տարածք, խնդրում եմ՝ ազատել տարածքը»,- պատասխանեց ոստիկանը։
«Թող ոստիկանությունն էլ ֆիքսի, թե որպես ներխուժում են արձանագրում։ Ի՞նչն է խանգարում , որ չեք սպասում, որ մեր փաստաբանը գա»,- արձագանքեց դերասանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հիշեցնենք՝ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը, իրենք ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ, չեն ուզում գնալ ու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։
Մարտի վերջից փակվել է թատրոնի դուռը և դերասանները չեն կարողանում մուտք գործել և փորձեր անել։ Դրանից հետո «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը անժամկետ նստացույց էր հայտարարել։ Նախօրեին՝ նստացույցից 6-րդ օրը, նա ժամանակավոր դադարեցրեց այն՝ հայտնելով, որ ԿԳՄՍ նախարարությունից ունեն արձագանք, որ ցանկություն կա հանդիպելու, խոսելու, բանակցելու և այս ամենը կազմակերպելու։
«Գոյ»-ի պահանջն է՝ «Գոյ» թատրոնը լինի որպես անկախ թատրոն, այսինքն իրենց տարածքում ունենան ստեղծագործելու իրավունքն։