Մենք հաճախ չենք գնահատում, բայց երկրում օրինականության և արդարության մակարդակից է կախված մարդկանց աշխատելու ցանկությունը․ Փաշինյան


Մենք հաճախ չենք գնահատում, բայց երկրում օրինականության և արդարության մակարդակից է կախված մարդկանց աշխատելու ցանկությունը․ Փաշինյան
Հոկտեմբեր 28 11:16 2024

Բյուջեի ձևավորման կարևորագույն բաղադրիչներից է շահութահարկը կամ շրջանառության հարկը, որոնք ձևավորվում են միայն այն պատճառով, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ ու բնակիչներ ձեռնարկատիրական գործունեություն են ծավալում, այսինքն՝ ապրանքներ արտադրում կամ ներմուծում, ծառայություններ մատուցում, որի արդյունքում ստանում են եկամուտներ, ապահովում են դրամաշրջանառություն, ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ, բացատրելով թե ինչ է հարկը՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև ավելացրեց, որ բյուջեի եկամուտները ձևավորվում են նաև մաքսատուրքից, որը ձևավորվում է նրանից, որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող մարդիկ ներմուծում են ապրանքներ, որոնց համար մաքսատուրք են վճարում։

«Այսինքն՝ ՀՀ պետական բյուջեն  բացառապես աշխատանքի արդյունք է։ Այսինքն՝ չկա պետական բյուջեի ձևավորման ուրիշ գործիք, քան  ՀՀ-ում աշխատող քաղաքացիները կամ բնակիչները։ Ինչպես տեսաք՝ ՀՀ բյուջեն կախված է ՀՀ-ում բնակվող յուրաքանչյուր մարդուց, նրանից, թե ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի աշխատո՞ւմ է, արժե՞ք է ստեղծում և արժեքի ստեղծմանը նպաստո՞ւմ է, թե՞ ոչ, աշխատում է օրինական դաշտո՞ւմ, թե՞ ոչ։ Եթե ոչ՝ ուրեմն չկա պետական բյուջե։ Եվ սա վերաբերում է և՛ պետական, և՛ մասնավոր հատվածի աշխատողներին։

Մենք հաճախ չենք գնահատում, բայց երկրում օրինականության և արդարության մակարդակից է կախված մարդկանց աշխատելու և արդյունք ստեղծելու ցանկությունը և հնարավորությունների իրացումը»։

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ Փաշինյանը նշեց, որ դա պետության մենաշնորհն է և իրականացվում է պետական հատվածի աշխատողների կողմից.

«Մենք սա էլ երկար ժամանակ չենք գնահատել, բայց, մի րոպե, արտաքին քաղաքականություն էլ կապ ունի տնտեսության և տնտեսական գործունեության և արդյունք գեներացնելու ծավալի հետ»։