Գառի մսի առևտրով զբաղվող քաղաքացիների գործով ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել. տուժողները մեղադրում են ՀՀ-ում Իրանի դեսպանին ու հյուպատոսին


Գառի մսի առևտրով զբաղվող քաղաքացիների գործով ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել. տուժողները մեղադրում են ՀՀ-ում Իրանի դեսպանին ու հյուպատոսին
Հոկտեմբեր 24 14:36 2024

Արդեն տեղեկացրել ենք, որ որ Գառի մսի առևտրով զբաղվող Մասիս քաղաքի մի շարք բնակիչներ բողոքի ակցիա են իրականացնում Մասիսի սպանդանոցի մոտ: Պատճառն այն է, որ իրենց պնդմամբ, ՀՀ-ում Իրանի դեսպանն ու հյուպատոսն իրենցից գառ են գնել և գումարները չեն վերադարձրել, խոսքը 600 հազար դոլարի մասին է:

ՆԳ նախարարությունից Tert.am-ին փոխանցեցին, որ հոկտեմբերի 18-ին ժամը 23:00-ին Արմավիրի մարզում մի բնակիչ ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է տվել, որ հուլիս ամսից մինչև հոկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում Մասիս քաղաքում գործող սպանդանոցի տնօրենին մատակարարել է գառան միս, վերջինս էլ իր վստահությունը չարաշահելու եղանակով, խաբեությամբ, տարբեր ժամանակահատվածներում իրենից հափշտակել է ընդհանուր 177.000.000 դրամ գումարին համարժեք գառան միս: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին:

ՔԿ-ի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ վարույթ է նախաձեռնվել:

«Նշված գործով հաղորդում կա, վարույթ է նախաձեռնվել խարդախության և ինքնիրավչության հատկանիշներով:

Այս պահին ակտիվ քննություն է կատարվում, նախնական վնասը կազմում է 170 մլն դրամ: Բայց սա շատ նախնական է, քննությամբ կպարզվի ամեն բան:

Այս պահին դեռ վաղ է իրավական գնահատական տալու մասին խոսելը, որովհետև քննչական վարույթային գործողություններ կան անելու: Վարույթը նախաձեռնվել է անցած շաբաթ օրը»,- ասաց Աբրահամյանը: