Շուտով արդարադատության նախարար կնշանակվի, միգուցե կուսակցական չլինի, բայց թիմի անդամ կլինի. Գևորգ Պապոյան


Շուտով արդարադատության նախարար կնշանակվի, միգուցե կուսակցական չլինի, բայց թիմի անդամ կլինի. Գևորգ Պապոյան
Հոկտեմբեր 24 12:50 2024

Արդարադատության նախարարի թեկնածուները շատ են, նրանց մի մասը, որոնց մեջ շատ արժանավոր թեկնածուներ կային, որոնք կարող էին շատ լավ ղեկավարել Արդարադատության նախարարությունը, տարբեր պատճառներով, այդ թվում՝ իրենց ունեցած այսօրվա աշխատանքով և պատասխանատվությամբ պայմանավորված, ցավոք սրտի, հրաժարվեցին դառնալ նախարար:

Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Հարցին՝ արդյոք նախարար չի նշանակվում կադրային սղության պատճառով, Պապոյանն ասաց. «Սղություն կա՞ կադրային հարցը փիլիսոփայական է. և՛ կա, և չկա: Միշտ կա կադրային սղության խնդիր, բայց նաև կան բազմաթիվ գործընկերներ որոնք թիմից կարող են լինել նախարար, բայց իրենց այսօրվա աշխատանքը, պատասխանատվությունն ավելի լավ է  տանեն մինչև 2026 թիվ»:

Պապոյանն ընդգծեց, որ կան մարդիկ և շուտով կլինի նշանակումը:

Ինչ վերաբերում է ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանի նշանակմանը, Պապոյանն ասաց, որ անուններ չի տա: «Շուտով կլինի նշանակումը, միգուցե ոչ կուսակցական անդամ, բայց քաղաքական թիմից կլինի, թիմը մի քիչ ավելի լայն է»,- ասաց նախարարը: