Ամբուլատորիաների օպտիմալացումը կբերի ֆինանսական ծախսերի խնայման, որն էլ կծախսվի հիվանդների վրա, ոչ թե կփոշիացվի. Արսեն Թորոսյան


Ամբուլատորիաների օպտիմալացումը կբերի ֆինանսական ծախսերի խնայման, որն էլ կծախսվի հիվանդների վրա, ոչ թե կփոշիացվի. Արսեն Թորոսյան
Հոկտեմբեր 24 11:54 2024

ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը ԱԺ-ում անդրադարձավ ամբուլատորիաների օպտիմալացման ծրագրին և հայտարարեց՝ պայմանն այն է, որ ամբուլատորիաները չդառնան հիվանդանոցին ենթակա։

«Եթե հիվանդանոցի ենթակա են դառնում, հիվանդանոցը շահագրգռված է ոչ թե կանխարգելիչ բուժօգնությամբ, այլ բուժական օգնությամբ և հիվանդներին քաշում, տանում է ստացիոնար բուժօգնության»,-ասաց նա։

Ըստ Թորոսյանի՝ այստեղ իրավակարգավորման հարց է։

«2019-ից այդ ծրագիրը սկսել ենք Վայոց ձորից։ Դա շարունակվելու է մնացած մարզերում, ինչը բերելու է ֆինանսական ծախսերի խնայման, որն էլ  ծախսվելու է հիվանդների վրա, ոչ թե իրականում փոշիացվելու է»,-ասաց նա։

Արսեն Թորոսյանը շարունակեց, որ շատ հիվանդանոցները դեռ  չի նշանակում լավ առողջապահություն․ «Լավ առողջապահությունը իրականում առողջապահությունն է, ոչ թե հիվանդապահությունը։ Պետք է մեր բնակչությանը պահենք առողջ։ Երբ առողջապահության  առաջնային օղակում չեն հաջողում, հիվանդանոցներում մարդիկ շատանում են»։