Սարյանական ոգին ու գունապնակն այսուհետ կլինի Երևանի սրտում: Կենտրոն վարչական շրջանը, «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Մանե Թայլս» ընկերությունը համատեղ նախաձեռնել են Մարտիրոս Սարյանի անվան փողոցի գլխավոր աստիճանների և դրա հարակից տարածքի բարեկարգման ծրագիրը: Այդ մասին հաղորդում են Երևանի քաղաքապետարանից։
««Սարյանի աստիճաններ» անվանումը ստացած նախագծի շրջանակում նախատեսվում է արտացոլել մեծ նկարչի «Հայաստան» կտավը կավից պատրաստված խճանկարով, որը բաղկացած է 1620 ամբողջությամբ ձեռագործ սալիկներից:
Պլանավորվում է նաև ժամանակակից ինստալացիայի տեղադրում և հարակից տարածքի կանաչապատում քաղաքի այդ հատվածը հետաքրքիր լուծումներով Երևանի գրավիչ վայրերից մեկը դարձնելու համար»,- նշվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: