Ո՞վ էր իրականում ԱԺ դահլիճից վիրավորել Արգիշտի Քյարամյանին


Ո՞վ էր իրականում ԱԺ դահլիճից վիրավորել Արգիշտի Քյարամյանին
Հոկտեմբեր 16 12:58 2024
 

Հոկտեմբերի 15-ին խորհրդարանում տեղի ունեցած սկանդալային միջադեպը, որի ժամանակ Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանն ու ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը քիչ էր մնում, որ ձեռնամարտի բռնվեին, ստվերեց մեկ այլ դեպք, երբ Քյարամյանն ԱԺ ամբիոնից բավական կոշտ դիմեց դահլիճում նստած Արփի Դավոյանի օգնականին՝ ասելով, թե «ձեր հետ եմ, սև շորերով պատգամավոր, բա՞ն ասեցիք»։

Մամուլն այսօր գրել էր, որ ամեն ինչ սկսվել էր այն բանից հետո, երբ ՔՊ-ական Դավոյանի օգնականը դահլիճից բարձր վիրավորել էր Քյարամյանին՝ ասելով, թե «համբալը կուրաժիտ ա լինում», ինչը լսել էր ոչ միայն Քյարամյանը, այլ նաև ներկաների մեծ մասը։ 24News-ի հետ զրույցում դահլիճում նստած երկու տարբեր մարդիկ ասել են, որ այս վիրավորական արտահայտությունը հնչեցրել է ոչ թե Արփի Դավոյանի օգնականը, այլ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ Նարեկ Զենյալյանը, որն էլ վերջում ՔԿ նախագահին ուղղված բավական կոշտ ելույթ ունեցավ։ 

Նկատենք, որ այս սկանդալից հետո ՔՊ-ի մի շարք պատգամավորներ արդեն իսկ հայտարարել են, թե պատրաստվում են հասնել Արգիշտի Քյարամյանի հրաժարականին։ Մեր տեսախցիկը երեկ ուշ երեկոյան արձանագրել էր, որ Քյարամյանը գտնվում էր Կառավարության շենքում։ Մեր տեղեկություններով, նա հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն այս փաստը մինչև հիմա չեն հաստատել Կառավարության լրատվական ծառայությունում։ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանն այդպես էլ չի պատասխանում մեր հեռախոսազանգերին։