Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում փորձում են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել դպրոցին անծանոթ մարդու, ինչին դեմ են ծնողներն ու ուսուցչական կոլեկտիվը:
Դպրոցի ռուսերենի ուսուցչուհի Իրինա Ոսկանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ֆեյսբուքյան լուրերից է իմացել, թե ինչու գործող տնօրենն այլևս չի կարող լինել: Նա նշեց, որ պատճառն այն է, որ վարչական կազմի տարիքային խումբը սահմանափակում ունի:
«Դա է միայն եղել պատճառը, բայց այն, որ այդ մարդը տարիների ներդրում է դրել այս դպրոցի վրա, դրա մասին ոչ մի խոսք: Բացի այդ մեր դպրոցն առաջինն է եղել, որ Անահիտ Վլադիմիրովնայի շնորհիվ ներառական կրթություն է մտցրել: Ես գիտեմ, որ ինչ-որ նոր թեկնածու են ուզում մեզ առաջարկել, իմացել եմ ֆեյսբուքյան էջից, չգիտեմ հավատալ, թե՝ չէ: Ինչ-որ մի բան մարդիկ սկսել են անել, որ մեր մոտ ժամանակավոր պաշտոնակատար գա դպրոցին անծանոթ օտար մարդ: Ցավը նրանում է, որ մենք ունենք մեր թեկնածուն»,- ասաց նա:
Ուսուցիչն ընդգծեց՝ իրենք ունեն իրենց թեկնածուն, որ համապատասխանում է բոլոր կետերին ԺՊ դառնալու համար, ինչո՞ւ պետք է գա օտար մարդ:
«Պատճառը ո՞րն է, եթե մենք ունենք մեր թեկնածուն: 70-ից ավելի կոլեկտիվ ունենք, ինչո՞ւ պետք է օտարը գա, մեզ մոտ չկա՞ արժանի թեկնածու, որ ԺՊ-ի տեղը զբաղեցնեն»,- նշեց նա:
Ոսկանյանի խոսքով՝ հինգշաբթի օրը դպրոցում տեղի ունեցած անշնորհքությունը, իսկ դրանից հետո այս ցնցումը մի քիչ շատ է:
«Չի լինում այդպես, որ հինգշաբթի նման ձևով ներխուժեն դպրոց, ոչ ոք ոչ նախարարությունից ոչ այլ մարմնից չեկան հարցնեն՝ այ ժողովուրդ ջան, ո՞նց եք, կամ գոնե երեխեքի մասին հարցնեին: Դուք գիտե՞ք՝ ինչքան են մեր հոգեբաններն աշխատել երեխաների հետ: Դրանից հետո չթողեցին ուշքի գանք և շաբաթ երեկոյան էլ իմանում ենք, որ երկուշաբթի էլ մեզ նման անակնկալ է սպասվում»,- ասաց նա ու հավելեց, թե ոչինչ չունի այդ մարդու դեմ ում ուզում են նոր ԺՊ նշանակել:
«Չգիտեմ ով է, ինձ մի հարց է հետաքրքրում՝ ինչո՞ւ պետք է օտար մարդ գա դպրոցի ղեկավարի ԺՊ, եթե մենք ունենք մեր թեկնածուն»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը ԱԱԾ-ն ներխուժել էր Ջոն Կիրակոսյանի անվան դպրոց ու երեխաների աչքի առաջ բերման ենթարկել ֆիզիկայի ուսուցչին, ով մեղադրվում է անառակաբարո գործողություններ կատարելու մեջ:
Լուրեր են շրջանառվում, որպես տնօրենի ԺՊ Քրիստինե Դումանյանի անունը, որի ամուսինը ԱԱԾ-ում է աշխատում։