ԱՄՆ-ն ակնկալում է ամրապնդել Հայաստանի հետ գործընկերային կապերը տեխնոլոգիաների ոլորտում. դեսպան


ԱՄՆ-ն ակնկալում է ամրապնդել Հայաստանի հետ գործընկերային կապերը տեխնոլոգիաների ոլորտում. դեսպան
Հոկտեմբեր 4 15:15 2024

Միացյալ Նահանգների կառավարությունն ակտիվորեն աջակցել է Հայաստանի ջանքերին՝ զարգացնելու երկրի տեխնոլոգիական ոլորտը զանազան նախաձեռնությունների և գործընկերության միջոցով և ակնկալում է ամրացնել այդ գործընկերությունն ու նոր ուղիներ գտնել հետագա համատեղ աշխատանքի համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԴիջիԹեք 2024-ի բացման արարողության ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը։ 

Դեսպանն ուրախությամբ արձանագրեց ԴիջիԹեք-ի վերադարձը՝ հիշեցնելով, որ նախորդ ԴիջիԹեք-ը իր համար եղել է առաջին ամենախոշոր միջոցառումներից մեկը, որին մասնակցել է Հայաստանում դեսպան նշանակվելուց հետո։ 

«Հիանալի է տեսնել, թե որքան աճ է գրանցել ԴիջիԹեք-ն այս ընթացքում։ Բացի այդ, ուրախ եմ նաև նշել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև տեխնոլոգիաների ոլորտում կապերի խորացումը, քանի որ գնահատում ենք, որ տեխնոլոգիաների և նորարարությունների կարևորությունը երկու երկրներում էլ նշանակալի շարժիչ ուժ է տնտեսական զարգացման և աճի համար։ Մենք նաև գիտակցում ենք կառավարման, հասարակական ծառայությունների, անվտանգության և կյանքի այլ շատ ու շատ ոլորտներում տեխնոլոգիաների ընդլայնվող և աճող դերը», - ասաց դեսպանը Քվինը՝ հավելելով, որ նոր տեխնոլոգիաներն իրենց աննախադեպ ուժով կարող են ոգևորել մարդկանց՝ միաժամանակ ընդգծելով այնպիսի նորարարական լուծումների առաջխաղացման կարևորությունը, որը պաշտպանում է ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։