Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն ու Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակի գլխավոր տնօրենի տեղակալ Ֆաբրիս Բլանշարին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանում վերաինտեգրման աջակցության ծրագրերի իրականացման վերաբերյալ։
Ընդգծելով Հայաստանում շուրջ տասը տարվա գործունեություն իրականացնող կազմակերպության աշխատանքների կարևորությունը քաղաքացիների վերաինտեգրման գործընթացում՝ նախարարի տեղակալը նշել է, որ հուշագրի ստորագրումը ևս մեկ քայլ է ամրագրելու երկու բարեկամ երկրների գործընկերային հարաբերությունները, և շահառուներին մատուցել հասանելի ծառայություններ և տնտեսապես կայանալու հնարավորություն։
Հուշագրի շրջանակում Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակը կաջակցի Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնք ինքնակամ վերադարձել են Ֆրանսիայից և ցանկանում են մշտական բնակություն հաստատել Հայաստանում՝ նրանց առաջարկելով վերաինտեգրման աջակցության ծրագիր՝ կախված նրանց սոցիալական, անհատական և ընտանեկան վիճակից, այդ թվում՝ սոցիալական և տնտեսական վերաինտեգրում մասնագիտական վերապատրաստման, զբաղվածության հասանելիության կամ միկրոձեռնարկության ստեղծման միջոցով։
Վերաինտեգրման աջակցությունը կարող է տրամադրվել նաև ԵՄ մեկ այլ պետությունից վերադարձող ՀՀ քաղաքացիներին։
Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակը ստուգելու և հաստատելու է դիմումատուների համապատասխանությունը Հայաստանում վերաինտեգրման աջակցության ֆրանսիական ծրագրին, մի քանի բաղադրիչների շրջանակում ընտանիքներին առաջարկվելու է համապատասխան աջակցություններ․ վերապատրաստման դասընթացներ, համապատասխան գործիքների ձեռքբերում, բիզնեսի կառավարման հմտություններ, ֆինանսական հատկացումներ։
Շահառուները կներգրավեն նաև Նախարարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության և զբաղվածության պետական ծրագրերում՝ զարգացնելով իրենց ձեռնարկատիրական հմտությունները, հիմնվել սեփական բիզնեսն ու մրցունակ դառնալ աշխատաշուկայում։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռքբերել կազմակերպել համակարգման կանոնավոր հանդիպումներ՝ ձեռնարկված գործողությունների արդյունքները գնահատելու, գործունեության ընդլայնման համապատասխան ուղղություններ առաջարկելու և համագործակցության նոր հնարավորություններ գտնելու համար, որոնց միջոցով հնարավոր կլինի օպտիմալացնել վերաինտեգրման աջակցության ազդեցությունը։
Ոլորտային առաջնահերթություններին և այդ ուղղություններով նախատեսվող համատեղ աշխատանքներին անդրադարձ է կատարվել նաև Ֆրանսիայի ներգաղթի և վերաինտեգրման 10-ամյա գործունեությանը նվիրված տոնական միջոցառման շրջանակում։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն ու Միասնական սոցիալական ծառայության պետի առաջին տեղակալ Անի Չիլինգարյանը։ Վերջիններս շրջել են բիզնես նախագծերը ներկայացնող տաղավարներով, զրուցել ծրագրի շրջանակում արդեն իսկ աջակցություն ստացած շահառուների հետ։