«Այս պայքարի բովանդակությունը կեղծիքի ու արդարության, ստի ու ճշմարտության մասին է, որի ակունքներում ես կանգնել եմ բարձրագույն պատասխանատվությամբ։ Չեմ նստել ու սպասել, որ իմ փոխարեն ուրիշը պետք է գործի, վերլուծություններ չեմ արել ու այդպես ինքնաբավարարվել, չեմ քննադատել ուրիշներին, ովքեր պայքարել են և վերջում որոշել, որ հիասթափված եմ, քաղաքականություն չեմ խաղացել ու քաղաքական գործիչ լինելու հավակնություն չեմ ստանձնել ու ամենից փորձել դիվիդենտներ քաղել՝ փորձելով «մաքուր նկարագրով» մնալ»,- Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց Սրբազան պայքարն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա ընդգծեց՝ եղել ու մնացել է այս պայքարի մեջ՝ հակառակ բոլոր զրկանքների, բաամբասանքների, չարախոսությունների։
Սրբազանը նաև կոչ ուղղեց․
«Կոչ եմ անում բոլոր քաղաքական ու այլ հավակնություններ ունեցողներին՝ թոթափեք ձեր վրայից ամբարտավանության ու հավակնությունների այդ բեռը, մի կողմ թողեք ձեր վախերը, դարձեք նկարագիր կրող գործիչներ, ոչ թե գործիքներ։ Մեր դիմաց ծանր իրադարձություններ ու սպասումներ են, դավաճանական նոր ծրագրեր, հայրենահանձնման դիվական նոր պլանավորումներ»։
Բագրատ Սրբազանը շեշտեց՝ պայքարը շարունակվելու է, քանի դեռ չարիքը տիրում է մեր երկրին, ուստի գործել է պետք համախմբված՝ ազատվելու դրանից։
«Գործել, գործել և միայն գործել՝ ազատվելու համար այս չարիքից»,- ասաց Բագրատ Սրբազանը։