ԼՂ հարցը օգտագործվել է նաև ՀՀ-ի ներսում, ամեն ինչը բացատրվում էր, թե բանակ ու Ղարաբաղ ենք պահում. Փաշինյան


ԼՂ հարցը օգտագործվել է նաև ՀՀ-ի ներսում, ամեն ինչը բացատրվում էր, թե բանակ ու Ղարաբաղ ենք պահում. Փաշինյան
Հոկտեմբեր 2 18:40 2024

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ԱԺ-ում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանը այսօր ևս մեկ անգամ հայտարարել է, որ «Արցախը մեր վզին կապված թոկ էր, որից ինքն ազատվեց»:

Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես չեմ ասել, որ ԼՂ-ն Հայաստանի վզին թոկ էր, ես ասել եմ, որ ԼՂ հարցը օգտագործվել է որպես թոկ Հայաստանի վզին: Եվ, ընդ որում, նաև Հայաստանի ներսում, որովհետև շատ երկար տարիներ, երբ որ երկրում ամենատարբեր պրոցեսներ կային՝ սկսած կոռուպցիայով, վերջացրած այլ բաներով, ամեն ինչը բացատրվում էր՝ դե, բանակ ենք պահում, Ղարաբաղ ենք պահում: Հետո երևաց՝ ինչ է պահվել, ոնց է պահվել, ինչ տրամաբանության մեջ է պահվել»:

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, Փաշինյանն ասաց. «Խաղաղության պայմանագրի համաձայնեցված բովանդակության շուրջ մենք հանրությանը թափանցիկ ձեւով ասել ենք՝ պահելով դիվանագիտական կոռեկտությունը»:

Նա շարունակեց. «ԼՂ հարցը չի՞ օգտագործվել որպես թոկ` այդ թվում այն երկրների և ուժերի կողմից, ում մենք համարել ենք կամ ուզում ենք համարել, որ պետք է երաշխիքներ տան, երաշխավորեն մեր անվտանգությունը: Խի՞ պիտի երաշխավորեն: Մարդիկ իրենց անվտանգությունը չեն կարողանում երաշխավորեն, մեր անվտանգությունը ո՞նց պետք է երաշխավորեն:

Ամենակարևոր բանը, որ վերջին տարիներին Հայաստանի և Հայաստանի ժողովրդի համար արել եմ և անում եմ՝ մենք պետք է ճշմարտությունը իմանանք մեր պատմության մասին՝ և՛ հեռակա պատմության, մոտակա պատմության, և մենք պետք է կայսերական պատմության տրամաբանությունից դուրս գանք և ունենանք անկախ պետության պատմության տրամաբանություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա խոսեց նաեւ ՄԱԿ-ի ամբիոնում իր ունեցած ելույթին. «Դուք ասում եք՝ Հայաստանի հիմնական օրակարգը թողած, զբաղված եք ուրիշ  հարցերով: Դուք  բավարար չափով տեղեկացված չեք ՀՀ ժողովրդի մղումների մասին: ՀՀ ժողովուրդն ուզում է էն, ինչի մասին ես խոսել եմ ՄԱԿ-ի ամբիոնից որպես հիմնական նպատակ»: