Դուք էլ, Ադրբեջանն էլ նույն խոսույթն եք օգտագործում, ես այստեղ Ադրբեջանի խոսնակը չեմ. Փաշինյանն՝ ընդդիմությանը (տեսանյութ)


Դուք էլ, Ադրբեջանն էլ նույն խոսույթն եք օգտագործում, ես այստեղ Ադրբեջանի խոսնակը չեմ. Փաշինյանն՝ ընդդիմությանը (տեսանյութ)
Հոկտեմբեր 2 18:05 2024

Պարոն Դանիելյան Դուք մամուլ չեք կարդո՞ւմ, ձեզ թվում է՝ սա միամիտների երեկո՞ է: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանին, ասաց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա դուք ինձ հարցնում եք՝ չե՞ք տեսնում Ադրբեջանի կողմից ինչ պահանջներ են հնչում: Չեք զգո՞ւմ, որ նույն խոսույթն եք օգտագործում, Ադրբեջանն էլ է ասում կապիտուլյացիա, դուք էլ եք ասում կապիտուլյացիա, բա որ կապիտուլյացիա է, դուք ի՞նչ գործ ունեք այստեղ նստած, ընդհանրապես ինչո՞ւ եք աշխատավարձ ստանում,  կապիտուլացված երկրի պատգամավոր լինո՞ւմ  է: Եթե համարում եք, որ երկիրը կապիտուլացված է,  ուրեմն դուք ձեզ չեք համարում ՀՀ պատգամավոր, այլ համարում եք այն ուժերի պատգամավոր,  ովքեր ձեր տրամաբանությամբ կապիտուլացրել են»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ ընդդիմությունն անընդհատ բերում  է Ադրբեջանի օրակարգերը:

«Ասում եք՝ բա ինչո՞ւ չեք բարձրացնում ԼՂ բնակիչների վերադարձի հարցը,  առավոտից երեկո Ադրբեջանը խոսում է  Արևմտյան Ադրբեջանի մասին,  դուք դա չեք նկատո՞ւմ, շատ ուժեր Ադրբեջանում ուզում են, որ Հայաստան չլինի, է հետո՞, նորությո՞ւն է դա ձեզ համար:  Այդպիսի ուժեր արևելքում էլ կան, հյուսիսում էլ, արևմուտքում էլ կգտնվեն:  Ես Ադրբեջանի խոսնակը չեմ,  գնացեք բացեք ձեր կայքերը, կարդացեք՝ ինչ է  ուզում Ադրբեջանը:  Ես այստեղ չեմ եկել ասեմ Ադրբեջանն ինչ է ուզում,  եկել եմ ասեմ, թե ինչ է ուզում ՀՀ-ն»,- նշեց Փաշինյանը:

 Գառնիկ Դանիելյանն արձագանքելով՝ ասաց.

«Այնպես եք ջղայնանում հարցերից, ոնց որ ձեզ չպետք է տան այս հարցերը,  գնամ լրագրողին տամ, բա վարչապետ եք, ձեզ պետք է տամ, ինչո՞ւ եք ջղագրգիռ պատասխաններ տալիս: Ընդամենը 2 հարց եմ տվել»:

Մանրամասները՝ տեսանյութում: