Վստահ եմ այդ կասկածները հյուսիսային երկրներին են ուղղված, ոչ թե Ռուբենին. Նուբար Աֆեյանը՝ Վարդանյանին ուղղված Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին


Վստահ եմ այդ կասկածները հյուսիսային երկրներին են ուղղված, ոչ թե Ռուբենին. Նուբար Աֆեյանը՝ Վարդանյանին ուղղված Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին
Հոկտեմբեր 2 12:35 2024

Ես Ռուբեն Վարդանյանին լավ ճանաչում եմ մոտ 25 տարի և կարող եմ պատասխանել, թե ով է Ռուբեն Վարդանյանը: Այս մասին «Հայաստան 2041» հիմնադրամի մամուլի ասուլիսի ժամանակ,  որի ընթացքում հայտարարվեցին «Ուժեղ Սփյուռք» ծրագրի հաղթող նախագծերը, ասաց հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

«Նրա մասին տեղեկությունները, որ ունեմ, բացառապես իր ընտանիքից են, որովհետև Բաքու արտոնել է կարճ խոսակցություններ Վարդանյանի հետ: Այդ խոսակցությունների ժամանակ սահմանափակ ձևով ինքը բացատրել է իրավիճակը և մտահոգությունները, որ ունի:

Անշուշտ, մենք բավականին մեծ ջանք ենք գործադրում, որ օգնենք նրա ազատ արձակմանը, աշխատում ենք իրավաբանների, միջազգային ընկերությունների հետ: Աշխարհը ցինիկ է դարձել ինչ-որ առումով, մի կողմից ասում են, որ կարևոր է արդարությունը, մjուս կողմից էլ ասում են՝ լավ, եթե կարող ենք, խաղաղություն հաստատենք: Բայց անկարելի է անարդարության վրա հիմնված  խաղաղություն ունենալ:

Բոլորն էլ մեզ ասում են, որ շատ լավ գիտեն, որ խաղաղություն չի լինելու, եթե արդարություն չհաստատվի: Վստահ եմ, որ կառավարությունը աշխատում է, որ  մեր բանտարկյալներն ազատ արձակվեն»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կողմից Ռուբեն Վարդանյանի հասցեին արված վերջին հայտարարություններին, Աֆեյանն ասաց. «Վստահ եմ այդ կասկածները հյուսիսային երկրներին են ուղղված, ոչ թե Ռուբենին, նա պարզապես միջնորդ դարձավ և իմանալով, որ վտանգի տակ է դնում իրեն, Արցախ գնաց, որ օգնի ժողովրդին»,- ասցա Նուբար Աֆեյանը: