Երևանն այսուհետ կլինի «Պաշտպանված սրտի քաղաք». Քաղաքապետարան


Երևանն այսուհետ կլինի «Պաշտպանված սրտի քաղաք». Քաղաքապետարան
Հոկտեմբեր 2 10:51 2024

Համայնքը «ՀԵՆԱՐ» և «Philips» հիմնադրամների հետ համագործակցությամբ, ինչպես նաև Առողջապահության և Ներքին գործերի նախարարությունների, Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի և Շտապօգնության ծառայության աջակցությամբ մեկնարկել է ծրագիր, որը բարելավելու է շտապ բժշկական օգնության արձագանքումը և բարձրացնելու է սրտի հանկարծակի կանգից փրկվելու հավանականությունը։

Նախաձեռնությունը ներառելու է կրթական ծրագրեր, որոնք ուղղված են սիրտ-թոքային վերակենդանացման (ՍԹՎ) մասին իրազեկվածության բարձրացմանը և կամավորների համար դասընթացների հասանելիության ապահովմանը: Նաև կտեղադրվեն ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատորներ (ԱԱԴ), որոնք կընդգրկեն Երևանի փոքր կենտրոնը։ Ծրագիրը նաև կներառի նոր տեխնոլոգիաներ՝ «վերակենդանացման շղթան» ուժեղացնելու համար: Նորարարական մոտեցումը կարող է բարձրացնել փրկվելու մակարդակը ներկայիս 5%-ից մինչև ակնկալվող 30% և ավելին:

Երևանի՝ Պաշտպանված սրտի քաղաք դառնալը նշանավորվեց պայմանագրի ստորագրմամբ: Մեկնարկին զուգընթաց հայտարարվեց կամավորների բաց գրանցման մասին: Բոլորը կարող են մասնակցել 4-ժամյա անվճար վերապատրաստման դասընթացներին, որոնք կամավորներին կզինեն սրտային արտակարգ իրավիճակներին արձագանքելու և դեֆիբրիլյատորներն արդյունավետ օգտագործելու համար անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով: