Դատախազությունը բողոքարկել է Սերժ Սարգսյանի արդարացման որոշումը


Դատախազությունը բողոքարկել է Սերժ Սարգսյանի արդարացման որոշումը
Սեպտեմբեր 17 17:49 2024

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Սերժ Սարգսյանի արդարացման որոշումը:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրել են դատախազությունից՝ նշելով, որ  Սերժ Սարգսյանի արդարացման որոշումը բողոքարկվել է հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան:

 
 

Հիշեցնենք՝ 2024 թվականի մայիսի 31-ին դատարանը հրապարակել էր Սերժ Սարգսյանի գործով դատավճիռը, ըստ որի՝ հանցակազմի բացակայության հիմքով նա արդարացվել է:

ըստ մեղադրական եզրակացության՝ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի և Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 միլիոն 391 հազար 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 միլիոն 160 հազար 310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը)։ Վերջինս այն չէր ընդունում:

Սերժ Սարգսյանին ավելի ուշ նաև նոր մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը):