Թրամփի դեմ ենթադրյալ մահափորձ է տեղի ունեցել, կասկածյալը ձերբակալվել է


Թրամփի դեմ ենթադրյալ մահափորձ է տեղի ունեցել, կասկածյալը ձերբակալվել է
Սեպտեմբեր 16 09:43 2024

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի գոլֆ-ակումբի մոտակայքում կրակոցներ են հնչել։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, կրակ է բացել ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցը, որն ակումբի տարածքից ոչ հեռու կասկածելի զինված տղամարդու է նկատել։

Կասկածյալին սկզբում հաջողվել է թաքնվել թփերի մեջ, սակայն ավելի ուշ նա հայտնաբերվել ու ձերբակալվել է, իսկ նրա թաքնվելու վայրում Կալաշնիկովի ինքնաձիգ (ԱԿ-47), օպտիկական նշանոց ու կերամիկական թիթեղներով ու տեսախցիկով երկու ուսապարկ է հայտնաբերվել։

Fox News հեռուստաալիքի տվյալներով՝ ենթադրյալ կասկածյալը Թրամփից 270-450 մետր հեռավորության վրա է եղել։ ԱՄՆ նախագահը հայտնել է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

Միջադեպից հետո ՀԴԲ-ն հետաքննություն է սկսել, կատարվածը գնահատվում է որպես Թրամփի դեմ հնարավոր մահափորձ։ Fox News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ իրավապահները պարզել են կասկածյալի ինքնությունը։ Վերջինս 58-ամյա Ռայան Ուեսլի Ռութն է։

Թրամփի դեմ հնարավոր մահափորձից հետո ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն ու փոխնախագահ, ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը տեղեկացվել են կատարվածի մասին։ Բայդենը հանձնարարել է Գաղտնի ծառայությանն ապահովել Թրամփի պաշտպանության համար անհրաժեշտ ամեն ինչով, մինչդեռ Հարիսը հայտարարել է, որ Թրամփ դեմ մահափորձը չպետք է էլ ավելի մեծ բռնության հանգեցնի։