Ժամկետանց սննդամթերք՝ Երևանի սուպերմարկետներում․ ստուգայցեր են իրականացվում


Ժամկետանց սննդամթերք՝ Երևանի սուպերմարկետներում․ ստուգայցեր են իրականացվում
Սեպտեմբեր 12 19:03 2024

Մսամթերք, կաթնամթերք, հրուշակեղեն. այս օրերին Երևանի ցանցային սուպերմարկետներում ստուգվում են պարենային և ոչ պարենային բոլոր ապրանքների պիտանելիության ժամկետներն ու պահպանման պայմանները՝ սառնարանային ջերմաստիճանից մինչև ապրանքային տեսք: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:

Քաղաքապետարանը հսկողությունն իրականացնում է սպառողների իրավունքները պաշտպանելու համար: Խախտումների մեծ մասը ապրանքների արտադրման ժամկետների բացակայությունն է ու նաև կրկնապիտակները: Տնտեսվարողները խախտումների համար օրենքով տուգանվում են 100-200 հազար ՀՀ դրամի չափով:

Քաղաքացիների իրավունքն է պահանջել ապրանքի պիտանելիության ժամկետի վերաբերյալ տեղեկատվությունը: Ժամկետանց ու նաև այն ապրանքները, որոնք առհասարակ չունեն ժամկետների վերաբերյալ համապատասխան մակնշում, վտանգավոր են առողջության համար: Ստուգայցերի արդյունքները քաղաքապետարանը փոխանցում է նաև ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին: Ժամկետանց սննդամթերքը ենթակա է շուկայից հետ կանչման և ոչնչացման:

Հասարակական կարգի պահպանության ծառայությունը հսկողության ընթացքում ստուգում է նաև պոլիէթիլենային տոպրակների՝ սահմանված նորմերին համապատասխանությունը:

Առանձին ուշադրություն է դարձվում նաև վաճառողների արտահագուստին: Ուժեղացված ստուգայցերը մեծ ու փոքր խանութներում շարունակական են: