Զախարովան Հայաստանի իշխանություններին կոչ է անում թեթևամտորեն չվերաբերվել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությանը


Զախարովան Հայաստանի իշխանություններին կոչ է անում թեթևամտորեն չվերաբերվել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությանը
Սեպտեմբեր 11 18:16 2024

Հայաստանը Ռուսաստանին պաշտոնապես չի դիմել և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունները  չեղյալ հայտարարելու ցանկություն չի հայտնել, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք չենք լսել, որ այդպիսի ցանկություն կա։ Այդ ցանկության մասին մեզ չեն հայտնել ո՛չ դիվանագիտական ուղիներով, ո՛չ հրապարակային հարթակներում։ Ես այդպիսի բան չեմ լսել։ Մենք նման հայտարարությունների չենք առնչվել»,- ասել է Զախարովան՝ միևնույն ժամանակ նշելով, որ ՀՀ իշխանությունները մանիպուլյացիայի են ենթարկում եռակողմ պայմանավորվածությունների դրույթները։

«Մեկ՝ «խաղում ենք», մեկ՝ «չենք խաղում»։ Այնուամենայնիվ, խոսքը միջազգային իրավունքի, փաստաթղթերի մասին է, որոնք ստորագրել են կողմերը և որոնց պարբերաբար հղում են անում»,- ասել է Զախարովան՝ հավելելով, թե այդ պայմանավորվածությունները մշակելու համար ջանքեր են դրվել, աշխատանք է տարվել։

«Թեթևամտությամբ, եթե չասեմ՝ անպատասխանատվությամբ վերաբերվել այս փաստաթղթերին հղումներ անելիս, չի կարելի։ Պատասխանատու քաղաքական գործիչները չպետք է անպատասխանատվությամբ վերաբերվեն այն փաստաթղթերին, որոնք մշակվել են բարդ պատմական շրջափուլում»,- ասել է Զախարովան։