Տեսանյութ՝ Նալբանդյան գյուղում ոստիկանների ուղղությամբ կրակոցներ արձակած տղամարդու ձերբակալությունից․ մանրամասներ


Տեսանյութ՝ Նալբանդյան գյուղում ոստիկանների ուղղությամբ կրակոցներ արձակած տղամարդու ձերբակալությունից․ մանրամասներ
Սեպտեմբեր 8 10:57 2024

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում սպանության և սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող 41-ամյա Մանուկ Մարգարյանին հայտնաբերելու դեպքի վերաբերյալ:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 7-ին ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի 41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանն իր մոտ պահում է հրազեն։

Ստացված տեղեկություններն իրացնելիս, նույն օրը՝ ժամը 19։30-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Նալբանդյան համայնքում հայտնաբերել էին Մանուկ Մարգարյանին VAZ 2107 մեքենայի մեջ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նկատելով իրավապահներին՝ 41-ամյա տղամարդը մեքենայի միջից իր մոտ եղած ինքնաձիգով կրակոցներ էր արձակել ոստիկանների ուղղությամբ, այնուհետև իջել և շարունակել արձակել կրակոցներ, ինչից հետո դիմել էր փախուստի։

Կրակոցների հետևանքով մահացել էր ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը, իսկ նույն բաժնի համայնքային ոստիկան, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանը ստացել էր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Արմավիրի բժշկական կենտրոն։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ՆԳ նախարարության, ոստիկանության ղեկավար կազմը, ոստիկանության, Դատախազության և Քննչական կոմիտեի օպերատիվ խմբեր։

Ձեռնարկվել էին միջոցառումներ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Տեղի ունեցածից ժամեր անց՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 2:40-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների անհետաձգելի միջոցառումների արդյունքում սպանության և սպանության փորձ կատարելու, ինչպես նաև ապօրինի զենք կրելու և պահելու մեջ կասկածվող 41-ամյա Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել է Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում, ձերբակալվել և ներկայացվել Քննչական կոմիտե:

Հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերվել է:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: