Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականի հաղթական մեկնարկը` 4:1 (ֆոտո, վիդեո)


Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականի հաղթական մեկնարկը` 4:1 (ֆոտո, վիդեո)
Սեպտեմբեր 7 22:05 2024
 

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում։

C լիգայի չորրորդ խմբի առաջին տուրում ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմն ընդունեց Լատվիայի հավաքականին եւ առավելության հասավ 4:1 հաշվով։

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» անցկացված հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեց լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։ Գոլային փոխանցումը կատարեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը։

9-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի եւ ռուսական «Կրասնոդարի» պաշտպան Գեորգի Հարությունյանը։

35-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց Լատվիայի հավաքականի եւ լիտվական «Պանեւեժիսի» պաշտպան Կասպարս Դուբրան։

48-րդ րոպեին Հայաստանի հավաքականի երրորդ գոլը խփեց սաուդյան «Ալ Ֆատեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։

86-րդ րոպեին Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի փոխանցումից հետո աչքի ընկավ ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

Հայաստանի հավաքականը 3 միավորով չորրորդ խմբի առաջատարն է։ Այս խմբի առաջին տուրի մյուս խաղում Ֆարերյան կղզիների եւ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները խաղացել էին ոչ ոքի՝ 1:1:

Ազգերի լիգա, C լիգա, չորրորդ խումբ, առաջին տուր

Հայաստան - Լատվիա՝ 4:1 (տեսանյութ)

Վահան Բիչախչյան, 6, Կասպարս Դուբրա, 35, ինքնագոլ, Լուկաս Սելարայան, 48, Էդուարդ Սպերցյան, 86 - Գեորգի Հարությունյան, 9, ինքնագոլ