Մեկ շաբաթում Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով հիվանդացության դեպքերն ավելացել են 16-ով


Մեկ շաբաթում Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով հիվանդացության դեպքերն ավելացել են 16-ով
Սեպտեմբեր 6 19:20 2024

Հայաստանում այսօրվա դրությամբ գրանցված է Արևմտյան Նեղոսի տենդի  լաբորատոր հաստատված 108 դեպք։ Վերջին մեկ շաբաթում՝ օգոստոսի 31-ից սեպտեբերի 6-ը, հաստատվել է հիվանդացության 16 դեպք։ Տվյալները հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ 

Նախօրեին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ասել էր, որ  Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը Արմավիրում գրանցված մահվան դեպքերի մասին տեղեկությունը  կճշգրտի ու ուրբաթ կհայտնի, սակայն Կենտրոնը որևէ տվյալ, տեղեկություն չի հայտնել մահվան դեպքերի մասին։ 

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից հայտնել են, որ հիվանդությունը մարդուց մարդուն ՉԻ փոխանցվում, բայց կարող է փոխանցվել արյան փոխներարկման, օրգանների փոխպատվաստման միջոցով և մորից երեխային ճանապարհով։

Հիվանդության գաղտնի շրջանը 2-3 շաբաթ է:

Վարակվածներից 5-ից 1-ի մոտ զարգանում են կլինիկական երևույթներ՝
դող, ջերմության բարձրացում՝ 38-40°С,
գլխացավ,
տարածուն մկանացավեր, հոդացավեր,
փսխում,
փորլուծություն,
մարմնի ցանավորում։

Վարակվածների 1 %-ի մոտ կարող է առաջանալ կենտրոնական նյարդային համակարգի ախտահարում՝ էնցեֆալիտ կամ մենինգիտ, որոնց դեպքում կարող են դիտվել՝
.սաստիկ, տանջող, պուլսացող գլխացավեր,
.ջերմության բարձրացում՝ 40 0C և ավելի,
.անզուսպ փսխումներ,
.լուսավախություն,
.ջղաձգումներ, ցնցումներ,
.գիտակցության խանգարման տարբեր աստիճաններ։

Արևմտյան Նեղոսի տենդի դեպքում ռիսկի խմբում են՝
.տարեցները,
.սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ ունեցող անձինք,
.ուռուցքային հիվանդություններ ունեցող անձինք,
.շաքարային դիաբետ ունեցող անձինք,
.քրոնիկական երիկամային խնդիրներ ունեցող անձինք և այլն։

Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու կանխարգելման անհատական պաշտպանության միջոցառումները ներառում են մոծակների դեմ պայքարի միջոցների օգտագործումը, մարմնի մեծ մասը ծածկող հագուստի կրումը և մոծակներից պաշտպանված տարածքներում քնելը: