Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում մարդակեր գայլերի հայտնվելու պատճառը կարող է վրեժխնդրությունը լինել, կարծում է անտառտնտեսության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյա Սանջայ Պատհակը: Այս մասին հայտնում է India Today պարբերականը։
Ասիական գայլերի ոհմակը գարնանից վախի մեջ է պահում Բահրեյչ շրջանի բնակիչներին։ Հարձակումները սկսվել են մարտին, սակայն վերջին շաբաթներին իրավիճակը աղետալի ընթացք է ստացել։ Հուլիսի 17-ից գայլերը հոշոտել են տասը մարդու, ավելի քան 50-ը վիրավորվել են։ Ուտար Պրադեշ նահանգի իշխանությունները 50 տարվա ընթացքում առաջին անգամ թույլ են տվել տեղում կրակել գայլերին:
Պատհակի կարծիքով՝ գայլերը կարող է վրեժ են լուծել կորած ձագերի համար։ Նրա խոսքով՝ տարեսկզբին Բահրայչի բնակիչները գայլի որջ են տեսել շաքարեղեգի դաշտերից մոտ երկու կիլոմետր հեռավորության վրա, որի շրջակայքում ավելի ուշ բազմաթիվ հարձակումներ են տեղի ունեցել: Սակայն որջը հեղեղել է ափերից դուրս եկած գետը։ Ոչ մի ձագ կենդանի չի մնացել, և գայլերը ինչ-ինչ պատճառներով մեղադրում են մարդկանց:
Գայլերը հակված են վրեժխնդրության: Եթե ինչ-որ մեկը վնասում է իրենց բույնը կամ ձագերին, նրանք վրեժ են լուծում մարդկանցից։