Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշեր 20 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել, որոնց զգալի մասը՝ Սարատովի մարզում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով:
«Անցած գիշերվա ընթացքում Կիևի ռեժիմի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Ռուսաստանի Դաշնության տարածքում օբյեկտների ուղղությամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձի ժամանակ ՀՕՊ-ի հերթապահ միջոցները ոչնչացրել ու որսացել են 20 ինքնաթիռային տիպի ԱԹՍ», - ասված է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ անօդաչուներից 9-ը խոցվել են Սարատովի մարզում, 3-ը՝ Կուրսկի, երկուական ԱԹՍ՝ Բելգորոդի, Բրյանսկի ու Տուլայի մարզերում և մեկական ԱԹՍ՝ Օրյոլի և Ռյազանի մարզերում
ՌԴ Սարատովի մարզի վրա ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով բնակելի շենքեր են վնասվել Սարատով ու Էնգելս քաղաքներում։ ՌԴ առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ հարձակման հետևանքով տուժել է չորս մարդ։ Նրանցից երեքին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում, իսկ մի կին ծանր վիճակում հոսպիտալացվել է։