Դասի ժամանակ հարվածներ է հասցրել երեխային, փորձել է պարզաբանումներ ստանալ


Դասի ժամանակ հարվածներ է հասցրել երեխային, փորձել է պարզաբանումներ ստանալ
Օգոստոս 24 23:42 2024

Արմեն Զ․-ն 2023 թվականի դեկտեմբերի 15-ին ժամը 09:30-ի սահմաններում գնացել է իրենց բնակավայրի միջնակարգ դպրոց և դասընթացի ժամանակ վիճաբանել անչափահաս Ա․ Դ․-ի հետ։ Նա բռունցքով երկու անգամ հարվածներ է հասցրել վերջինիս դեմքին, ոտքով մեկ անգամ հարվածել է աջ ոտքին՝ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։ Նա այդ արարքը կատարել է, քանի որ իր անչափահաս դուստեր և Ա․ Դ․-ի միջև վիճաբանություն է առաջացել, Արմեն Զ․-ն էլ Ա․ Դ․-ից այդ կերպ պարզաբանումներ է փորձել ստանալ։

 

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

 

Գործը դատարան է ստացվել մայիսի 31-ին և մակագրվել  Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մարդանյանին։

 

 

Արմեն Զ․-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի  195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (hարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, որը կատարվել է անչափահասի նկատմամբ ) հատկանիշներով։

 

Արմեն Զ․-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ բացակայելու արգելքը։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: