Սերժ Սարգսյանի ղեկավարման ժամանակ Լավրովը խիստ քննադատում էր Թուրքիայի ու Ադրբեջանի դիրքորոշումը, իսկ Նիկոլի օրոք ու պատճառով՝ Հայաստանի․ Այնպես որ, խնդիրը նիկոլիստական ապաշնորհ ռեժիմի մեջ է


Սերժ Սարգսյանի ղեկավարման ժամանակ Լավրովը խիստ քննադատում էր Թուրքիայի ու Ադրբեջանի դիրքորոշումը, իսկ Նիկոլի օրոք ու պատճառով՝ Հայաստանի․ Այնպես որ, խնդիրը նիկոլիստական ապաշնորհ ռեժիմի մեջ է
Օգոստոս 20 22:27 2024

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից երեկ հնչեցված հայտարարությանն ու դրա պատճառներին․

 

«Սերժ Սարգսյանի ղեկավարման ժամանակ Լավրովը խիստ քննադատում էր Թուրքիայի ու Ադրբեջանի դիրքորոշումը, իսկ Նիկոլի օրոք ու պատճառով՝ Հայաստանի։

 

Ակնհայտ է, որ Փաշինյանի ռեժիմն ամեն ինչ արել եւ անում է ՀՀ երբեմնի վստահելի ու կառուցողական բանակցային դիրքերը զրոյացնելու ուղղությամբ։

 

Նախօրեին ՌԴ ԱԳՆ Ս.Լավրովը Բաքվում նշեց. «Ցավոք սրտի, Հայաստանի ղեկավարությունն է, որ սաբոտաժ է անում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված համաձայնագիրը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»։

 

Փաստացի, ՌԴ ԱԳՆ-ն ապակառուցողականության ու սեփական ստորագրությունը չհարգելու մեջ է մեղադրում Փաշինյանին։

 

Հայաստանում ով չալարեց, սկսեց քննադատել Լավրովին։ Բայց խնդիրը ոչ այնքան Լավրովի, որքան Փաշինյանի մեջ է։

 

Խոսեմ փաստերով…

 

2016-ի ապրիլին Ս.Լավրովն այցելեց ՀՀ։

 

Երեւանում Ս. Լավրովը ՀՀ ԱԳՆ Է. Նալբանդյանի հետ հանդես եկավ համատեղ մամուլի ասուլիսով։ Լավրովի խոսքով՝ «Հայաստանը ՌԴ առանցքային գործընկերն է ԱՊՀ տարածաշրջանում»: 

 

Այնուհետեւ Ս.Լավրովը նշեց, որ «ՌԴ-ն մերժում ու դատապարտում է Ղարաբաղյան խնդրի ռազմական լուծման փորձերն ու բացառապես պաշտպանում է 1994-1995թթ. զինադադարի փաստաթղթի կետերի իրականացումը»։

 

Այս հայտարարությունը փաստացի նշանակում էր Ադրբեջանի դիվանագիտական ֆիասկոն, քանի որ Ալիեւի նպատակն էր 2016-ի հարձակման հետեւանքով հայկական կողմերին պարտադրել իր համար ավելի նախընտրելի պայմաններով զինադադարի փաստաթուղթ, որտեղ Արցախն այլեւս ստորագրված փաստաթղթի կողմ չի լինի։ Սակայն հայոց բանակն ու դիվանագիտությունը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Ադրբեջանին նման հնարավորություն չտվեցին։ Ու հենց դա 2016-ի ապրիլին Երեւանում փաստեց ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը։

 

Բայց սա ամենը չէ։

 

Նույն ասուլիսի ժամանակ հայ լրագրողների հարցերին ի պատասխան՝ Լավրովը նշեց, որ «Թուրքիայի ղեկավարության հայտարարությունները անթույլատրելի են, քանի որ դրանք ոչ թե խաղաղության կոչեր են, այլ՝ պատերազմի։Եվ Թուրքիայի նման արձագանքն արմատապես դեմ է միջազգային հանրության տեսակետին»։

 

Այս հայտարարություններն արդյունք էին նախեւառաջ ՀՀ իշխանությունների պետականամետ ու արդյունավետ քաղաքականության՝ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ ու նախարար Էդվարդ Նալբանդյանի գործունեության։

 

Բայց Լավրովը Երեւանում նաեւ խոսեց Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումների վերաբերյալ։ Լրագրողի հարցին ի պատասխան՝ նա նշեց. « Որպես Կազանյան բանակցությունների անմիջական մասնակից, կարող եմ ասել, որ Կազանյան փաստաթուղթը Հայաստանը չի մերժել»։

 

Սա հստակ ուղերձ էր, որ ՀՀ ղեկավարության ու միջնորդ պետությունների, մասնավորապես, ՌԴ -ի կարծիքները համահունչ են, իսկ ապակառուցողական կողմն Ադրբեջանն է։

 

Սերժ Սարգսյանի ղեկավարման շրջանում, 2016-ի պատերազմից հետո ՀՀ-ն հրաժարվեց մասնակցել Բաքվում կայնալիք «Քաղաքակրթությունների ֆորումին»՝ հստակ նշելով, որ նման հայատյաց քաղաքականություն իրականացնողների հետ ի՞նչ «քաղաքակրթական ֆորում»։

 

Այնպես որ, խնդիրը ոչ թե միջազգային դերակատարների, այլ նիկոլիստական հակապետական ու ապաշնորհ ռեժիմի մեջ է»,- ընգդծել է Էդուարդ Շարմազանովը։