Թուրքիայի գյուղատնտեսության եւ անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն հայտնել է, որ Իզմիրում հրդեհի պատճառը երեք մարդկանց կողմից պիկնիկի ժամանակ վառած կրակն է, տեղեկացրել է TRT Haber-ը։
Յումաքլըն, որն այցելել է Իզմիր հրդեհի պատճառով, հիշեցրել է, որ իր հայտարարությունում, որն արվել է Սեյիրթեփեում հրդեհի մասին երեկ տեղեկություն ստանալուց հետո, ամբողջ Թուրքիայում բռնկվել է 72 հրդեհ, որոնցից 45-ը վերցվել է վերահսկողության տակ, 27-ը շարունակում են մարել։ Նա հայտնել է, որ երեկ տեղի ժամանակով ժամը 10.14-ին Քարշիյակում սկսվել է եւս մեկ հրդեհ։
«Երկու հրդեհները սկսվել են անտառային գոտում։ Ցավոք, պատճառը երեք մարդու վառած կրակն է եղել պիկնիկի համար։ Այդ հրդեհները մարելու համար մենք ուղարկել ենք 5 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 70 միավոր ցամաքային տրանսպորտ եւ 445 հրշեջ»,- ասել է նա։
Հրդեհի մեղավորների որոնումները շարունակվում են, նշել է թուրքական ԶԼՄ-ն։ Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկացրել էին Թուրքիայում խոշոր անտառային հրդեհների մասին։