Բելգորոդի մարզի մի շարք բնակավայրեր ուկրաինական ԶՈւ-ի հարձակման են ենթարկվել, գյուղերից մեկը մասամբ հոսանքազրկվել է


Բելգորոդի մարզի մի շարք բնակավայրեր ուկրաինական ԶՈւ-ի հարձակման են ենթարկվել, գյուղերից մեկը մասամբ հոսանքազրկվել է
Օգոստոս 16 09:10 2024

Ուկրաինայի Զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի շրջանի մի շարք բնակավայրերի վրա։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, իր թելեգրամյան ալիքում գրել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը՝ հավելելով, որ հարձակման հետևանքով տուժածներ չկան։

«Բելգորոդի շրջանի չորս բնակավայր հարձակման է ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բնակիչներից ոչ ոք չի տուժել»,- գրել է նա։

Նահանգապետի խոսքով՝ Շեբեկինոյում արկը վնասել է առանձնատներից մեկի պատուհանները, տանիքն ու ցանկապատը։ Շեբեկինսկի քաղաքային շրջանի Մուրոմ գյուղում ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել առանձնատներից մեկը, իսկ մեկ այլ անօդաչու պայթուցիկ սարք է գցել Վալույսկի քաղաքային շրջանի Ստարի Խուտոր գյուղում, ինչի հետևանքով կոտրվել են տներից մեկի պատուհաններն ու ցանկապատը։ Բացի այդ, Լեոնովկա խուտորում անօդաչուի հարձակման հետևանքով վնասվել է գյուղատնտեսական ձեռնարկության տարածքում գտնվող տեխնիկան։

«Հետևանքների մասին տեղեկատվությունը ճշտվում է»,- գրել է Գլադկովը։

Նահանգապետը գրել է, որ Ուկրաինական անօդաչուների հարձակման է ենթարկվել նաև Գրաֆովկա գյուղը։ Այստեղ հարձակման հետևանքով երկու ավտոմեքենա է այրվել, սակայն տուժածներ չկան։

Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, Գլադկովը հայտնել է նաև Նովայա Տավոլժանկա գյուղի գնդակոծման մասին։ Նրա խոսքով՝ հարձակման հետևանքով վնասվել են տներից մեկի պատուհաններն ու ցանկապատը, սակայն տուժածներ չկան։ Նա նաև հավելել է, որ վնասվել են նաև էլեկտրահաղորդման գծերը, ինչի հետևանքով գյուղի մի մասը ժամանակավորապես հոսանքազրկվել է