ՆԳՆ-ն ներկայացրել է Երանոս գյուղում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով արձանագրված վնասները


ՆԳՆ-ն ներկայացրել է Երանոս գյուղում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով արձանագրված վնասները
Օգոստոս 14 13:55 2024

Օգոստոսի 12-ին Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք 10 կմ խորության վրա գրանցված երկրաշարժից հետո Մարտունի խոշորացված համայնքի ղեկավարը ստեղծել է համատեղ հանձնաժողով: Փրկարար ծառայության աշխատակիցները ևս այնտեղ են: Այս պահի դրությամբ արձանագրություն է կազմվել 82 շենք-շինության վերաբերյալ: Այդ մասին ասուլիսի ընթացքում հայտնեց Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը: 

Երկրաշարժից հետո ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ստացվել է շուրջ 120 զանգ՝ կապված հետցնցումների, նաև վնասների հետ:

«Հիմնական աշխատանքները տարվել են Երանոս գյուղում: Ուսումնասիրությունների արդյունքում այս պահի դրությամբ արձանագրություն է կազմվել 82 շենք-շինության վերաբերյալ, դրանք բնակելի տներ են և կից շինություններ: Երանոս բնակավայրում 56 տան պատերին արձանագրվել են տարբեր չափերի ճաքեր, 4 անասնագոմի հողաշեն պատերից պոկվել և ընկել են քարեր, 22 շենք-շինությունում, այդ թվում՝ Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցի, մանկապարտեզի, անասնագոմերի պատերին և Ծովասար բնակավայրում 2 տան պատերին առկա են ճաքեր, Ծակքար բնակավայրում վնասվել են միջնակարգ դպրոցի, Սուրբ Աստվածածին եկեղեցու և մշակույթի տան պատերը, առկա են եղել նաև ճաքեր»,-մանրամասներ է հայտնել Նարեկ Սարգսյանը: