Վարդենուտի բնակիչները կառավարության մոտ բողոքի ակցիա են անում՝ պահանջելով գերակա շահ ճանաչված հողերի համար համարժեք փոխհատուցում


Վարդենուտի բնակիչները կառավարության մոտ բողոքի ակցիա են անում՝ պահանջելով գերակա շահ ճանաչված հողերի համար համարժեք փոխհատուցում
Օգոստոս 8 14:40 2024

Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչներն այսօր Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին անցկացնում։ Նրանք կառավարությունից պահանջում են հանրային գերակա շահ ճանաչված իրենց հողերի դիմաց համարժեք փոխհատուցում։

Գյուղի բնակիչներից Խորեն Պողոսյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է բնակիչների հետ և լսելով խնդիրը՝ առաջարկել բնակիչներն ու ներդրողը որոշակի կոմպրոմիսի գնան և խնդիրը լուծեն։ Գյուղացիներն ընդառաջել են, բայց քանի որ չեն կարողացել վարչապետ Փաշինյանին մանրամասն ներկայացնել խնդիրը, այսօր են եկել՝ քննարկելու, սակայն տեղեկացել են, որ նա արձակուրդում է։

«Գյուղի գրեթե 274 միավոր հողեր ճանաչվել են հանրային գերակա շահ և 255 միավոր հողի մասով դատական հայցեր են ներկայացվել, և այժմ գրեթե 230 դատական հայցեր ընթացքի մեջ են»,-ասաց նա և նշեց, որ  1քմ-ի համար 2000 դրամ են պահանջում:

Հիշեցնենք, որ դեռ 2023 թվականի մարտի 2-ի որոշմամբ` ՀՀ կառավարությունը բնակիչների 110 հա տարածքը ճանաչել է հանրային գերակա շահ։ Նախատեսվում է այնտեղ զբոսաշրջությունը զարգացնել, ստեղծել ամառային և ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկոգյուղատնտեսական արտադրության կենտրոն, «Արագած» ներդրումային ծրագրի շրջանակում էլ կառուցել ջրամբար։

Նշենք, որ հունիսի 24-ին վարդենուտցիները փակել էին Երևան-Ապարան ճանապարհը` բողոքելով, որ «Ռիդ» ընկերությունը փորձում է գնել իրենց պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատարածքները` վճարելով մոտավորապես 300 դրամ՝ 1 քմ տարածքի համար, ինչից դժգոհ են բնակիչները։