Ռոման Երիցյան. Եղբորս հետ կատարվածը պայմանավորում եմ նաև իմ փաստաբանական գործունեությամբ


Ռոման Երիցյան. Եղբորս հետ կատարվածը պայմանավորում եմ նաև իմ փաստաբանական գործունեությամբ
Օգոստոս 8 14:27 2024

«Եղբայրս ասում է՝ ոստիկաններն ոչ միայն իր, այլև ղարաբաղցիների հասցեին հնչեցվել են շատ կոպիտ բնույթի արտահայտություններ, եթե ոչ վիրավորանքներ, ուստի պատահական չէ, որ ոստիկանությունն ասում է՝ տուժող պարեկի տեսաձայնագրման սարքը միացված չի եղել»,-ասաց արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը, որը մասնակցում է «Արցունքաբեր գազ և խոշտանգումներ. փաստաբանի եղբոր բռնության մասին պնդումներն ու պաշտոնական հերքումները» թեմայով քննարկման ժամանակ։

Փաստաբանն ընդգծեց, լուսանկարներից մեկում պարզ երևում է, որ սարքը միացված է, ուստի հորդորեց ոստիկանությանը հրապարակել այն։

Երիցյանը մանրամասն նկարագրեց, թե ինչ բռնությունների է  ենթարկվել եղբայրը։

«ՆԳՆ հայտարարության ի պատասխան ես հրապարակել եմ տեսանյութ, դատարանն արձանագրել է, որ եղբորս նկատմամբ հատուկ միջոցներ՝ ձեռնաշղթաներ, արցունքաբեր գազ կիրառելն իրավաչափ չէ։ ՆԳՆ-ն այդ հայտարարությունը կատարելու փոխարեն լավ կաներ հրապարակել տուժող պարեկի տեսաձայնագրման սարքի արձանագրածը»,-ասաց նա։

Երիցյանը եղբոր հետ տեղի ունեցածը պայմանավորում է նաև իր փաստաբանական գործունեության հետ, ինչպես նաև պարեկային ծառայողների նկատմամբ իր գործունեությամբ։