Օրեր առաջ պարեկների կողմից բռնության ենթարկված արցախցի Արամ Երիցյանին կրկին ձերբակալել էին ու կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացրել։ Երկրորդ անգամ ևս դատարանը մերժեց նրան կալանավորելու որոշումը։
Այդ մասին հայտնել է Արամ Երիցյանի եղբայրը՝ Ռոման Երիցյանը։
«Արամին կալանավորելու միջնորդությունը կրկին մերժվեց։ Ի՞նչ ասեմ։ Սպասենք հաջորդին»,- սոցցանցում գրել է նա։
Հիշեցնենք՝ օգոստոսի 1-ին պարեկների գործադրած բռնությունից Արամ Երիցյանը մարմնական վնասվածքներ էր ստացել։ ՆԳՆ-ն ու ՔԿ-ն էլ հայտարարել էին, թե ոչ թե Երիցյանն է ծեծի ենթարկվել, այլ՝ պարեկները՝ նրա կողմից։ Երիցյանի դեմ նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Օգոստոսի 4-ին դատարանը ոչ միայն մերժել էր Արամ Երիցյանին կալանավորելու միջնորդությունը, այլև ոչ իրավաչափ էր ճանաչել նրա եռօրյա ձերբակալությունը։ Օգոստոսի 7-ին Արամ Երիցյանին կրկին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել, որը նույնպես դատարանը մերժեց։