Այսօր՝ օգոստոսի 7-ին, հրդեհի դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց փողոցի 51 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են փրկարար ծառայության Երևանի թիվ 2-րդ և 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ և թիվ 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 5 կգ-անոց գազի բալոնից տեղի ունեցած արտահոսքից: Հրշեջները մեկուսացրել են հրդեհը: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: