Խաղաղության պայմանագրի նախագծի մեծ մասն արդեն համաձայնեցված է, միակ պակասող բանը քաղաքական կամքն է. Կլաար


Խաղաղության պայմանագրի նախագծի մեծ մասն արդեն համաձայնեցված է, միակ պակասող բանը քաղաքական կամքն է. Կլաար
Օգոստոս 5 13:07 2024

Հուսով եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական կամքի և շարունակական ջանքերի շնորհիվ թշնամության և բռնության էջը այժմ վերջնականապես կարող է շրջվել՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների։ Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը jam-news.net-ին տված հարցազրույցում:

 

«Որքան գիտեմ, խաղաղության պայմանագրի նախագծի մեծ մասն արդեն համաձայնեցված է։ Ինձ թվում է, որ միակ բանը, որ պակասում է, քաղաքական կամքն է, որն անհրաժեշտ է վերջնագծին հասնելու համար։ Մենք համոզված ենք, որ մնացած հարցերի և ձևակերպումների վերաբերյալ վերջնական համաձայնությունը հասանելի է: Խաղաղության պայմանագիրը և դրա հետագա կյանքի կոչումը հիմնովին կփոխեն իրավիճակը տարածաշրջանում։ Կարծում եմ, որ առաջնորդները նույնպես կիսում են այս տեսակետը և կձեռնարկեն բոլոր ջանքերը, որոնք անհրաժեշտ են այդ հարցում վերջնական համաձայնության հասնելու համար»,- ասել է Կլաարը:

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայում վերջերս կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի չհանդիպելու փաստը ցույց տվեց, թե որքան փխրուն է գործընթացը: