Պոլսո հայոց պատրիարքն այցելել է Թուրքիայում հարձակման ենթարկված Կարո Գաբրիելյանին


Պոլսո հայոց պատրիարքն այցելել է Թուրքիայում հարձակման ենթարկված Կարո Գաբրիելյանին
Օգոստոս 3 16:46 2024

Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանն այցելել է Թուրքիայի Քընալը կղզու շուկայում հարձակման ենթարկված Կարո Գաբրիելյանին:

«Ն.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարք Հայրը, 2 Օգոստոս 2024, Ուրբաթ, այցելեց կղզեբնակ Կարօ Գաբրիէլեանը, որ նախորդ օր իր տան առջեւ յարձակման ենթարկուելով վիրաւորուած էր։ Նորին Ամենապատուութեան կ’ուղեկցէր Իշխանաց Կղզեաց Հոգեւոր Հովիւ՝ Հոգշ. Տ. Յարութիւն Վրդ. Տամատեան:

Պատրիարք Հայրը յայտնեց, որ նման արարք մը ցաւ պատճառած էր բոլոր լսողներուն մօտ։ Ինք եւս կը ցաւակցէր եւ փափաքած էր անձամբ այցելել Գաբրիէլեանը իր բնակարանին մէջ։ Զրոյցի տեւողութեան ընթացքին Գաբրիէլեան ընտանիքի անդամները մանրամասնութիւններ փոխանցեցին յուզիչ դէպքին մասին։ Կարօ Գաբրիէլեան վիրաւորուած է քիթէն ու ձեռքէն։ Ոստիկանութիւնը հետաքննութիւն բացած է դէպքի առնչութեամբ։ Անոնք ըսին, որ տեղական ու համայնքային զանազան շրջանակներ կը պախարակեն դէպքը, բան մը որ մխիթարական երեւոյթ էր իրենց համար։

Պատրիարք Հայրը այցելութեան աւարտին արագ ապաքինում մաղթեց Կարօ Գաբրիէլեանին, բժշկութեան աղօթք արտասանեց եւ յայտնեց, որ Պատրիարքական Աթոռն ալ կը զօրակցի Գաբրիէլեան ընտանիքին»,-նշված է Պատրիարքարանի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Ստամուբլի հայկական «Ակոս» շաբաթաթերթը հայտնել էր, որ հայ համայնքի անդամ Կարո Գաբրիելյանի նկատմամբ հարձակում գործածները նրա ազգությամբ  պայմանավորված՝ վիրավորանքներ են հնչեցրել։