Նարեկ Մալյանի գործով Վերաքննիչ դատարանը որոշել է առաջին ատյանի դատավճիռը թողնել անփոփոխ. որոշումը բողոքարկվելու է


Նարեկ Մալյանի գործով Վերաքննիչ դատարանը որոշել է առաջին ատյանի դատավճիռը թողնել անփոփոխ. որոշումը բողոքարկվելու է
Օգոստոս 2 13:21 2024

Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի գործով պաշտպանության ու մեղադրանքի կողմերի բերած բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը որոշեց առաջին ատյանի դատավճիռը թողնել անփոփոխ, այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Նա հիշեցրել է, որ Մալյանն ապօրինի դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման՝ իշխող ՔՊ կուսակցության նկատմամբ ատելության քարոզի մեղադրանքով:

«Մալյանը բանտում է արդեն շուրջ 11 ամիս։ Նա հրաժարվել է մեղքն ընդունել և բանտից ևս բոլոր հասու եղանակներով հանրության աչքի առջև կռիվ է տալիս այս իշխանությունների դեմ:

Հիշեցնեմ նաև, որ պաշտպանության կողմը պնդում է, որ Մալյանի արարքում հանցակազմ չկա, իսկ դատախազությունը պնդում է, որ նրա ազատազրկումը պետք է տևի 3 տարի 3 ամիս։

Վերաքննիչի որոշումը մենք բողոքարկելու ենք Վճռաբեկ։ Անկախ բողոքարկման արդյունքից՝ Նարեկ Մալյանն ազատ է արձակվելու 2024թ. սեպտեմբերի 19-ին»,- գրել է փաստաբանը: