Հայաստանը չպետք է դառնա նոր հակառուսական ճակատի մաս ու պետք է զարգացնի ռազմավարական հարաբերությունները Մոսկվա-Թեհրան - Պեկին ուղղության հետ․ Էդուարդ Շարմազանով


Հայաստանը չպետք է դառնա նոր հակառուսական ճակատի մաս ու պետք է զարգացնի ռազմավարական հարաբերությունները Մոսկվա-Թեհրան - Պեկին ուղղության հետ․ Էդուարդ Շարմազանով
Հուլիս 31 21:46 2024

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ' Բրայենի այսօրվա հայտարարությանը․

«Քպիստներ, նիկոլիստներ ու տարատեսակ արևմտիստներ, բա ու՞ր է ձեր ինքնիշխանությունը։

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ' Բրայենը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ասել է, որ Վաշինգտոնը շարունակում է ակտիվ նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և երկարատև խաղաղության հաստատմանը:

Նա ասել է.

«Մենք մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի խաղաղության ցանկությունը հստակ ամրագրվի համաձայնագրում: Ընդամենը մեկ բան կասեմ, թե ինչու է դա այդքան կարևոր: Նայե՛ք քարտեզին: Կենտրոնական Ասիայի երկրներն անհավանական հարուստ են, և այժմ համաշխարհային շուկաներ դուրս գալու նրանց միակ տարբերակը Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով է։ Եթե մենք կարողանանք բացել մի երթուղի, որը կանցնի Հայաստանով և Ադրբեջանով, ապա նրանք շատ ավելի քիչ կախվածություն կունենան Ռուսաստանից ու Չինաստանից և ավելի մեծ մուտք կունենան համաշխարհային շուկաներ»։

Փաստացի, ԱՄՆ ներկայացուցիչը հայտարարում է, որ Արևմուտքը պետք է Ռուսաատանին դուրս մղի տարածաշրջանից, ու դրա գործիքը Սյունիքով Ադրբեջանն ու Հայաստանը կապող ճանապարհն է լինելու։

Երբ Իրանը կամ ՌԴ-ն հայտարարություններ են անում Արևմուտքի տարածաշրջանում ակտիվության մտահոգության մասին, նիկոլիստներն ու արևմտամոլները հիշում են ՀՀ-ի ինքնիշխան լինելու մասին։

Բա հիմա Արևմուտքը բաց տեքստով փաստացի միջանցք է պահանջում, ինչու՞ ծպտուն չեք հանում։

Էն ԱԽՔ, ԱԺ սազանդարներն ու Հ1-ի «փորձագետները» ասելիք չունե՞ն։

Թե՞ ձեզ նշանակել են ՀՀ-ից նոր հակառուսական գործիք դառնալու։

Ասել եմ ու կասեմ. ՀՀ-ն չպետք է դառնա նոր հակառուսական ճակատի մաս ու պետք է զարգացնի ռազմավարական հարաբերությունները Մոսկվա-Թեհրան - Պեկին ուղղության հետ»։