Շինարարը պատրաստակամ է շտկել բոլոր թերությունները. Հայկ Կոստանյան


Շինարարը պատրաստակամ է շտկել բոլոր թերությունները. Հայկ Կոստանյան
Հուլիս 31 14:04 2024

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն անդրադարձել է ՍԲ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ կառուցվող շատրվանների և տարածքի բարեկագման աշխատանքներին ու նոր տնկված տույաների չորացմանը։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ կառուցվող շատրվանների և տարածքի բարեկագման, ինչպես նաև տույաների չորացման և տույաների գնի վերաբերյալ տեղեկացնում եմ՝

Տույաների գնի հետ կապված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունն իրականացնում է ուսումնասիրություն, որի ավարտից հետո կտրվի համապատասխան մեկնաբանություն։

Տույաների չորացման, ինչպես նաև շինարարության ընթացքում և երաշխիքի ժամկետի շրջանում առաջաջած թերությունների դեպքում շինարարը պարտավոր է վերականգնել այն և բերել պատշաճ տեսքի։

Նշեմ, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն։

Հավելեմ նաև, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությունում դեռ նախորդ շաբաթ տեղի է ունեցել շինարարի հետ հանդիպում, վերջինս պատրաստակամ է շտկել բոլոր այն թերությունները, որոնք առաջացել են շինարարական աշխատանքների ընթացքում, այդ թվում ծառերի մասով»։

Նշենք, որ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանն այցելել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ քաղաքապետարանի հիմնած նոր այգին ու բացահայտել, որ տնկած տույաները չորացել են։

«Երկու ամիս առաջ Երևանի քաղաքապետարանը մեծ շուքով բոլորիս նվիրեց այս բարեկարգված տարածքը։ Արտակարգ ստացվել է Տույաների հիշատակի պուրակը, շնորհակալ ենք։ Հաստատ, էն ժավելով բիձուկն է այրել արմատները, արագ փորձաքննություն արեք ու մամուլը ողողեք, լավ ստացվում է։ Հավելեմ, մեկ տույան արժե 20000-40000 դրամ, ի դեպ, բացարձակ կարևոր չէ՝ ով է վճարել, գրագետ ընտրեիք, սա չէիք ստանա, կրթվեք, ամոթ է»,-գրել էր նա։