Աշխարհում ոսկու պահանջարկը նվազել է 6%-ով․ World Gold Council


Աշխարհում ոսկու պահանջարկը նվազել է 6%-ով․ World Gold Council
Հուլիս 30 18:25 2024

Աշխարհում ոսկու պահանջարկը 2024 թվականի երկրորդ եռամսյակում տարեկան կտրվածքով նվազել է 6%-ով և կազմել 929 տոննա։ Այդ մասին նշված է Ոսկու համաշխարհային խորհրդի (World Gold Council, WGC)զեկույցում։

Նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում թանկարժեք մետաղի պահանջարկի նվազումը կապված է ոսկու ռեկորդային գների և միևնույն ժամանակ ոսկերչական իրերի պահանջարկի կտրուկ ՝ մինչև 391 տոննա (-19%) անկման հետ, ինչը չորս տարվա նվազագույն ցուցանիշն է։

Այնուհանդերձ ոսկու ընդհանուր առաջարկը երկրորդ եռամսյակում աճել է 4%-ով և կազմել 1258 տոննա, համաշխարհային արդյունահանումը երկրորդ եռամսյակում կազմել է 929 տոննա։

Բացի այդ, երկրորդ եռամսյակում կենտրոնական բանկերի կողմից ոսկու զուտ գնումները տարեկան կտրվածքով աճել են 6%-ով՝ հասնելով 183,4 տոննայի՝ պայմանավորված պորտֆելի պաշտպանության և դիվերսիֆիկացման անհրաժեշտությամբ։ Ոսկու միջին գինը երկրորդ եռամսյակում տարեկան կտրվածքով աճել է 18%-ով՝ մեկ ունցիայի դիմաց հասնելով 2338 դոլարի, իսկ եռամսյակի համեմատ աճել է 13%-ով

World Gold Council-ն   ակնկալում է արևմտյան ներդրումային հոսքերի աշխուժացում՝ մինչև այս տարվա վերջ, ինչը, ըստ զեկույցի, կհավասարակշռի թանկարժեք մետաղի նկատմամբ սպառողների ավելի նվազ պահանջարկը և կենտրոնական բանկերի կողմից 2023 թվականի համեմատ ոսկու՝ ավելի դանդաղ տեմպով գնումները։