Այսօր՝ հուլիսի 29-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում, ոստիկանության Ճամբարակի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 19 կմ հատվածում՝ աջակողմյան վայրում՝ Սևանա լճի ափամերձ տարածքում, ավտոմեքենայի մեջ դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը, ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Բաբկեն Աղաբաբյան ու ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը։
Ժամանել են նաև Գեղարքունիքի մարզի դատախազ Գագիկ Այվազյանն ու Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Դավիթ Մուրադյանը։