Մանկապարտեզում երեխային դաժան ծեծի ենթարկած դաստիարակին մեղադրանք է ներկայացվել. նա շարունակում է գտնվել արգելանքի տակ


Մանկապարտեզում երեխային դաժան ծեծի ենթարկած դաստիարակին մեղադրանք է ներկայացվել. նա շարունակում է գտնվել արգելանքի տակ
Հուլիս 29 15:12 2024

Փոքր Վեդիի մանկապարտեզում սանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով ձերբակալված դաստիարակը շարունակում է գտնվել արգելանքի տակ, այս մասին Aysor.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Դաստիարակին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը:

Երեխայի մայրը ճանաչվել է տուժողի օրինական ներկայացուցիչ, նա և մանկապարտեզի տնօրենը հարցաքննվել են։

«Մանկապարտեզում այլ նմանատիպ դեպքի վերաբերյալ այս պահի դրությամբ քննությամբ դեռևս տվյալներ չեն ստացվել, սակայն այդ ուղղությամբ քննություն իրականացվում է, նոր հանգամանքներ ի հայտ գալու դեպքում քրեադատավարական կարգով համապատասխան ընթացք կապահովվի»,- ասաց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նշենք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է դաստիարակը ծեծում քնելու պառկած երեխային։ Դեպքը տեղի էր ունեցել Փոքր Վեդիի «Զարթոնք» մանկապարտեզում։

«Արդեն զզվցրիր դու ինձ»,- ծեծելուն զուգահեռ ասում էր դաստիարակը, իսկ երեխան լացելով փորձում էր ազատվել նրանից: